29.09.2016

ՄԿՄԿ-ն կաջակցի ԼՂՀ-ում մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրմանը

 

Այս օրերին մեր Կենտրոնի մասնագետները աշխատանքային այցով գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Առիթը` ԼՂՀ-ում նույնպես մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրումն է` ՀՀ-ի համակարգի օրինակով: Երկու պետությունների Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև կնքած համագործակցության հուշագրի շրջանակներում նախատեսվում է Կենտրոնի կողմից աջակցություն ԼՂՀ-ում մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ծառայությունների իրականացման միասնական ծրագրի մշակմանը:

Հանդիպում-քննարկմանը մասնակցեցին ներկայացուցիչներ պատասխանատու գերատեսչություններից` ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունից, ԼՂՀ զբաղվածության պետական գործակալությունից, ԼՂՀ հանրակրթության ոլորտից, ինչպես նաև քաղաքապետարանից: 

Հանդիպման ընթացքում Կենտրոնի մասնագետները ներկայացրեցին ՀՀ-ում գործող մասնագիտական կողմնորոշման համակարգը, վերջինիս գործառնության սկզբունքները, նպատակները, խնդիրները և զարգացման հեռանկարները: Համակարգը ներկայացնելուց հետո կազմակերպվեց քննարկում` ԼՂՀ-ում մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրման անհրաժեշտության և հնարավորությունների վերաբերյալ: Ներկա մասնագետները մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրման կարևորությունն ընդգծեցին հատկապես հանրակրթության ոլորտում: Ներկայումս աշակերտների մասնագիտական կողմնորոշում իրականացնելու համար դպրոցներն իրականացվում են ճանաչողական այցեր, ավագ դպրոց ընդունվող սաների հետ կազմակերպվում են զրույցներ` հոսքերը որոշելու նպատակով, սակայն որոշակի աշխատանքային պլանի և մեթոդաբանության բացակայությունը չի բերում որևէ արդյունքի: Դպրոցներում չի իրականացվում անձի գնահատում, աշակերտները չունեն բավարար տեղեկատվություն մասնագիտությունների  վերաբերյալ, բացի այդ` ծնողների վերաբերմունքից ելնելով մանկավարժները չեն ցանկանում երեխաներին այս կամ այն ձևով ուղղություն ցույց տալ:

Մասնագիտական կողմնորոշման համակարգի ձևավորման գաղափարը մասնակիցների կողմից ողջունվեց և շատ կարևորվեց:

Քննարկման արդյունքում մի շարք առաջարկություններ հնչեցին`

  • Ձևավորել «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ԼՂՀ-ում
  • Դպրոցներում և զբաղվածության կենտրոնում մասնագիտական կողմնորոշում իրականացնող մասնագետների հաստիքներ ստեղծել:
  • Մասնագիտական կողմնորոշման աշխատանքներն իրականացվեն հատկապես հանրակրթության ոլորտում` դրանք ներառելով ավագ դպրոցների պլաններում
  • Մասնագիտական կողմնորոշման ծառայություններ մատուցող մասնագետը լինի հոգեբան կամ սոցիալական մանկավարժ:

Սակայն քննարկումների արդյունքում մասնակիցները եկան այն եզրակացության, որ ավելի իրատեսական է, որ մասնագիտական կողմնորոշման աշխատանքներն իրականացնի դասղեկը, հոգեբանը կամ սոցիալական մանկավարժը` հաստիք առանձնացնելու հնարավորության բացակայության պատճառով:

Բացի այդ, նշվեց, որ առանձին Կենտրոն ստեղծելը ներկայիս պայմաններում ևս անհնար է, այդ իսկ պատճառով հարցի լավագույն լուծումը մասնակիցները գտան ՄԿՄԿ կողմից իրականացվող վերապատրաստումների` ԼՂՀ-ում իրականացնելու մեջ: Ներկա մասնակիցները ցանկություն հայտնեցին մասնակցել նման վերապատրաստման, ձեռք բերել մասնագիտական կողմնորոշման խորհրդատուի հմտություններ և իրականացնել այդ աշխատանքները:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը