26.06.2017

26.06.2017

Հայաստանում առաջիկայում կմեկնարկի «Արժանապատիվ աշխատանք»
 քառամյա ծրագիրը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունիսի 26-ին ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Մոսկվայի գրասենյակի տնօրեն տիկին Օլգա Կուլաևային: 

 

Նախարար Արտեմ Ասատրյանը բարձր է գնահատել ԱՄԿ-ի հետ երկարամյա համագործակցությունը և վստահություն հայտնել, որ Մոսկվայի գրասենյակի տնօրենի ղեկավարությամբ համագործակցությունը շարունակական և արդյունավետ կլինի: 
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սկսել «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի իրականացումը: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերոնշյալ ծրագրի մշակման և իրականացման աշխատանքները: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կատարելագործել Հայաստանի Հանրապետությունում զբաղվածության կարգավորմանն ուղղված պետական քաղաքականությունը, աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները, հզորացնել Գործատուների միության և Արհմիությունների կարողությունները: 
Տիկին Օլգա Կուլաևայի խոսքով աշխատանքային խումբը, որը բաղակացած է լավագույն մասնագետներից, այս շաբաթ հանդիպում կունենա նախարարության համապատասխան պաշտոնյաների հետ: Նա միաժամանակ վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքների արդյունքում կարաձանագրվեն լավագույն արդյունքներ: 
Բացի այդ տիկին Կուլաևան իր խոսքում ընդգծել է , որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ միշտ հնարավոր է գտնել զբաղվածություն ապահովող բացառիկ և հետաքրքիր ծրագրեր, ինչում նա համոզվել է նախարարության հետ համատեղ իրականացրած աշխատանքների ընթացքում: 
Հանդիպմանը քննարկվել են նաև ԱՄԿ Գլխավոր տնօրեն պարոն Գայ Ռայդերի Հայաստան այցի կազմակերպման հետ կապված հարցեր:



Ներբեռնել Arian AMU տառատեսակը