26.02.2016

«Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության միջոցով» ազգային կոնֆերանս

 

ՄԿՄԿ տնօրեն Հայկուհի Գևորգյանը փետրվարի 26-ին մասնակցել է «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության միջոցով» ազգային կոնֆերանսին: Այն ուղղված էր Հայաստանում արդեն 4 տարի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ իրականացվող LIFE ծրագրի գրանցած արդյունքների ամփոփմանն ու նոր անելիքների նախանշմանը:

 ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ` «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող LIFE ծրագրի շրջանակներում Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը իրականացրել է հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման աշխատանքներ: 2013-2014 ընթացքում սահմանվել են երեք հիմնախնդիրներ և այդ ուղղությամբ կատարվել են հետևյալ աշխատանքները` մշակվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական կողմնորոշման ծառայություններ ուղեցույց» ձեռնարկը,  ծառայություններ է մատուցվել շուրջ 200 հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների, վերապատրաստվել են  նրանց հետ աշխատող մասնագետները, մշակվել է www.mycareer.am կայքում գործող մասնագիտական կողմնորոշման էլեկտրոնային թեստ:

«2016 թվականը ՀՀ  կառավարության կողմից սահմանվել է հավասար հնարավորությունների ապահովման տարի: Այս համատեքստում ու նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների  իրացման  ինստիտուցիոնալացման տեսանկյունից ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծենք՝ 2016 թվականին «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման մասին» օրենքի ներկայացումն ու  ընդունումն է ՀՀ Ազգային Ժողովի կողմից»,- ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Մի կարևոր հանգամաք ևս կուզեի ընդգծել, այս նոր օրենքով մենք նախատեսում ենք անցում կատարել սոցիալական ներառման քաղաքականությանը և ոչ թե սոցիալական պաշտպանությանը: Սոցիալական պաշտպանությունը իհարկե շատ կարևոր է, ոլորտում իրականացվող ծրագրերը ևս շատ կարևոր են և շարունակական են լինելու, սակայն ամենակարևորն այն է, որ ստեղծենք հավասար հնարավորություններ ու հավասար պայմաններ, որպեսզի յուրաքանչյուր հաշմանդամություն ունեցող անձ իրացնի իր իրավունքները, որպես հավասարը հավասարի, որպես մեկը յուրաքանչյուրից»,- հավելել է նա:

Կոնֆերանսին իրենց ողջույնի խոսքն են հղել նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլլիարդը, «Սեյվ դը Չիլդրեն» հայաստանյան գրասենյակի տնօրեն  Արսեն Ստեփանյանը:

 

2012 թվականից LIFE ծրագրի գործունեության ընթացքում հաշմանդամություն ունեցող 543 անձ ապահովվել է մշտական աշխատանքով,  44 միջին մասնագիտական կրթական հաստատություներում պայմաններ են ստեղծվել ներառական կրթության համար, հաշմանդամություն ունեցող  930  երիտասարդ ստացել է մասնագիտական կրթություն, ստեղծվել է  19 սոցիալական ձեռնարկություն:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը