26.01.2017

26.01.2017

Ամփոփվել են հանրակրթության ոլորտում մասնագիտական կողմնորոշման աշխատանքների արդյունավետությունը գնահատող  հետազոտության արդյունքները

 

Հետազոտության հիմնական նպատակն էր գնահատել Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի կողմից մշակված մոդելով հանրակրթական հաստատություններում անցկացվող մասնագիտական կողմնորոշման աշխատանքների ազդեցությունը՝ հիմնված աշակերտների մասնագիտության գիտակցված ընտրության, իրազեկվածության, ինչպես նաև արժեքների ձևավորման  և ինքնորոշվածության վրա:

Վերլուծելով հետազոտության ստացված արդյունքները, կարող ենք փաստել, որ հարցված աշակերտների 80%-ն իրենց կենսական պլանները կապում են բարձրագույն կամ մասնագիտական այլ հաստատություններում ուսումնառության հետ:

Հարցված աշակերտների մեծամասնությունը (54.3%) որպես կյանքի նպատակին հասնելու կարևոր քայլ նշել են կրթությունը բուհում շարունակելը:

Աշակերտների 60%-ը մասնագիտությունների վերաբերյալ իր ունեցած տեղեկատվությունը համարում է բավարար (հարկ է նշել, որ միայն 17.7%-ն է իր ունեցած տեղեկատվությունը համարում լիարժեք), մինչդեռ մյուսները իրազեկման կարիք են զգում:

Արդյունքները ցույց են տալիս, որ մասնագիտություն ընտրած աշակերտների շրջանում մասնագիտական կողմնորոշման դասընթացներ անցած աշակերտների թիվն ավելի քան 2 անգամ մեծ է դասընթացներ չանցած աշակերտների թվից:

Կրթությունը շարունակել ցանկացող աշակերտների շրջանում մասնագիտական կողմնորոշման դասընթացներ անցած աշակերտների թիվը ավելի քան 4 անգամ գերազանցում է դասընթացներ չանցած աշակերտների թիվը:

Հատկանշական փաստ է նաև այն, որ հետագայում երկրից մեկնել ցանկացողների շրջանում մասնագիտական կողմնորոշման դասընթացներ չանցած աշակերտների թիվը կրկնակի անգամ գերազանցում է դասընթաց անցածների թվից:

Ուսուցիչների մեծամասնության կարծիքով մասնագիտական կողմնորոշման աշխատանքները դպրոցներում չեն իրականացվում բավարար մակարդակով: Նրանց 58%-ը մասնագիտական կողմնորոշման աշխատանքների արդյունավետ իրականացումը տեսնում է առանձին առարկայի ներդրմամբ:

 Ուսուցիչների 28%-ը գիտակցում է մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ անցկացնելու հարցում մասնագիտական և մեթոդական խորհրդատվության կարիքն ու պատրաստ է լրացնել դրանք պարբերաբար կազմակերպվող վերապատրաստումների և ուսումնավարժանքների միջոցով:

Ուսուցիչների գրեթե 70%-ը նշել է, որ մասնագիտական կողմնորոշման թեմայով վերապատրաստումը նպաստում է մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքների և կարողությունների զարգացմանը:

Ընդհանուր առմամբ, ամփոփելով ուսուցիչների առաջարկները՝ կարելի է եզրահանգել, որ մասնագիտական կողմնորոշման աշխատանքները դպրոցներում նախընտրելի է կազմակերպել «առանձին և կանոնավոր դասընթացների միջոցով »:

Պետք է հավելել, որ հետազոտության անցկացման համար հիմք է ընդունվել 2013-2016թթ. Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի կողմից իրականացված Երևանի և հանրապետության մարզերի քաղաքային և գյուղական համայնքների դպրոցների մանկավարժների վերապատրաստումները և նրանց կողմից աշակերտների հետ անցկացված աշխատանքները:

Որպես հետազոտության ընտրանք ընտրվել էին Երևանի և 9 մարզերի 20 բնակավայրերի հանրակրթական ծրագրեր իրականացնող 20 դպրոցների թվով 168 մասնագետ-մանկավարժ և 7-12-րդ դասարանի թվով 164 աշակերտ: Ընդ որում, ընտրանքում ընդգրկվել էին չվերապատրաստված մանկավարժներ և մասնագիտական կողմնորոշման ծառայություններ չստացած աշակերտներ:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը