24.05.2017

24.05.2017

Հանրակրթության համակարգում մասնագիտական կողմնորոշման և կարիերայի խորհրդատվական աշխատանքների ներդրմանն ուղղված աշխատաժողով

 

Հանրակրթական հաստատություններում մասնագիտական կողմնորոշման աշխատանքների անցկացման ընթացքն ու դրանց արդյունքները, խոչընդոտներն ու  հնարավորությունները քննարկելու նպատակով մայիսի 24-ին հրավիրված աշխատաժողովին մասնակցում էին խնդրով հետաքրքրված և շահագրգիռ պետական և հասարակական կազմակերպությունների պատասխանատուներ, Երևանի և մարզերի դպրոցների ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի առաջին հատվածում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը» ներկայացրեց 2013 թվականից մինչ օրս իրականացրած աշխատանքները: Մասնավորապես խոսվեց դպրոցում մասնագիտական կողմնորոշման աշխատանքների անցկացման առաջարկվող մոդելի, արդեն մշակված մեթոդաբանության, գործիքակազմերի մասին, ինչպես նաև Երևանի և հանրապետության մարզերի թվով 308 դպրոցի 637 մասնագետի վերապատրաստման, շարունակական մեթոդական խորհրդատվության արդյունքների մասին: 2016թ. մասնագիտական կողմնորոշման աշխատանքների և մեթոդաբանության ազդեցության գնահատման նպատակով աշակերտների շրջանում Կենտրոնի կողմից անցկացված հետազոտության արդյունքները փաստում են դպրոցում մասնագիտական կողմնորոշման ծրագրի կանոնավոր և պարտադիր իրականացման կարևորությունը և անհրաժեշտությունը:

    Ի լումն Կենտրոնի իրականացրած աշխատանքների՝ ներկայացվեց նաև «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության և «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» կողմից կատարված նախաձեռնությունները, ինչը կարելի է դիտարկել պետական և հասարակական հատվածների փոխգործացության լավագույն օրինակ:

    Աշխատաժողովի երկրորդ հատվածում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանի նախագահությամբ հարցադրումների միջոցով բացահայտվեցին դպրոցներում մասնագիտական կողմնորոշման աշխատանքների անցկացման հնարավորությունները և խոչընդոտները, մասնակիցները ներկայացրեցին իրենց հաջողված պատմություններն:

Աշխատաժողովի աշխատանքներին մասնակցում էր ՀՀ Կառավարությանն առընթեր «Ռազմավարական նախաձեռնություններ կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչ Մհեր Սահակյանն, ով ներկայացումների և առաջարկությունների համատեքստում առաջադրեց կոնկրետ խնդիրներ և դրանց լուծման հնարավոր ուղիներ:

Աշխատաժողովի արդյունքներն ամփոփելով՝ հիմնական բանախոսները փաստեցին հանրակրթական հաստատություններում մասնագիտական կողմնորոշման աշխատանքների կարևորությունը և այն ինստիտուցիոնալացնելու անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա արդեն եկող ուսումնական տարում դպրոցներին վերապահելու սույն աշխատանքների անցկացման պատասխանատվությունը, իսկ մեթոդական ապահովումը, համապատասխան մասնագետների վերապատրաստումը և խորհրդատվությունը կշարունակի իրականացնել Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը: 

 

Հանդիպում-քննարկումը կազմակերպվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության հետ համատեղ:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը