19.02.2016

Երևանի զբաղվածության տարածքային կենտրոնների մասնագետների վերապատրաստում

 

  Նախորդ շաբաթ Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնն իրականացրեց Երևանի զբաղվածության տարածքային կենտրոնների մասնագետների վերապատրաստում՝ «Աշխատանք փնտրող և գործազուրկ անձանց մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման ծառայությունների իրականացման տեխնիկաներ» թեմայով:

  Վերապատրաստման ծրագիրը մշակված էր հասցեական՝ ակնկալելով նպատակային ծառայություններ և արդյունք կոնկրետ շահառու խմբերի համար: Մասնակիցներին ներկայացվել է «Մասնագիտության համակարգային ընտրության» թեստը, անձի ինքնագնատման և ՈՒԹՀՌ (SWOT) վերլուծության հիմնական տեխնիկան, անձի աշխատանքային մոտիվացիայի բացահայտումն ու զարգացումը, անձի ինքնորոշման հիմնական ուղղությունները և այլն: Ներկայացվել է նաև Կենտրոնի կայքէջը (mycareer.am), առցանց թեստային համակարգերը, մասնագիտությունների ֆիլմաշարը, կայքի «Մասնագիտությունների մոլորակ» բաժինը, որոնք կարող են օգտակար առցանց ռեսուրսներ դառնալ մասնագետների համար:

  Վերապատրաստումը ընթացավ ինտերակտիվ մեթոդներով, գործնական աշխատանքների, դերային խաղերի միջոցով, ակտիվ քննարկումներով և բանավեճերով: Մասնակիցները կիսվեցին իրենց կարծիքներով, ինչպես նաև մտահոգություններով: Մասնակիցներից շատերը գտնում են, որ մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման ծառայությունները զբաղվածության ծրագրերում այսօր արդիական են և անհրաժեշտ, քանի որ ներկայումս տարածքային կենտրոններ այցելող շահառուների մեծ մասը չունի մասնագիտություն, իսկ մյուս մասը թեև ունի մասնագիտություն, բայց համարվում է երկարատև գործազուրկ: Այս առումով կայուն զբաղվածության առաջնային խնդիրը մասնագիտության և կարիերայի մասին տեղեկատվության, խորհրդատվության, մոտիվացիայի և ինքնորոշման ծառայությունների իրականացումն է:

Մասնակիցները խոսեցին նաև խոչընդոտների մասին. դրանցից մեկը հասարակության տեղեկացվածության պակասն է զբաղվածության ծրագրերի մասին:

Ընթացքում մասնակիցներին տրամադրվեց ոչ միայն անձի հետ աշխատանքի նպատակային մոդուլներով նախատեսված մեթոդաբանության փաթեթ, այլև ծառայությունների իրականացման ձևաչափերի, թեստերի և այլ աշխատանքային գործիքների պատճենները:

 

  Դասընթացի վերջին օրը ելույթ ունեցավ Կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը: Մասնակիցների հետ միասին քննարկեցին առկա խնդիրների լուծումները, հետագա համագործակցության ձևերը: Առաջարկություններ եղան նման հանդիպումները դարձնել շարունակական և հաճախակի: Ավարտին մասնակիցները լրացրեցին գնահատման հարցաթերթեր, որտեղ հատկապես բարձր էին գնահատել դասընթացավարների աշխատանքը:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը