16.06.2017

Մասնագիտական կողմնորոշման դաընթացները որոշակիորեն օգնում են ճիշտ ընտրություն կատարել.

Հայկուհի Գևորգյանը խոսել է լրագրողների հետ

 

Երիտասարդներին հիմնականում հետաքրքրող մի շարք մասնագիտությունների համար հայաստանյան աշխատաշուկայում պահանջարկ չկա: Մասնագիտական սխալ ընտրության խնդիրը աշխատաշուկայի պահանջներին տեղյակ չլինելը, անձնային որակները հաշվի չառնելն ու առարկայական չհիմնավորված նախասիրություններին տուրք տալն է: Այնուամենայնիվ, մասնագիտական կողմնորոշման դաընթացները որոշակիորեն օգնում են ճիշտ ընտրություն կատարել: Հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը ասել է Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը:



«Գյուղատնտեսությունը Հայաստանում գերակա ուղղություններից մեկն է, և մենք լուրջ խնդիր ունենք այս ոլորտի նկատմամբ երեխաների մեջ հետաքրքրություն առաջացնելու: Մեր աշխատանքները ցույց տվեցին՝ գյուղում ձգտում են, որ երեխան ավարտի դպրոցը և գա քաղաք: Կա ներքին միգրացիայի խնդիր, որը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար: Ագրարային համալսարանի դիմորդների քանակն ասվածի ապացույցն է: Մարզերում որոշակի որակավորում ունեցող բժիշկների, ինչպես նաև մանկավարժների պակաս կա»,- ասաց Հայկուհի Գևորգյանն ու նշեց, որ կենտրոնի կազմակերպած մասնագիտական կողմնորշման դասընթացների արդյունքում, այնուամենայնիվ, հատկապես Սյունիքում և Տավուշում բավականին փոխվել են երիտասարդների պատկերացումները գյուղատնտեսական աշխատանքի նկատմամբ:



Յուրաքանչյուր ծնող ուզում է, որ իր երեխան բարձրագույն կրթություն ստանա և աշխատի հարմարավետ միջավայրում: Մինչդեռ այսօրվա աշխատաշուկան բոլորովին այլ պահանջարկ ունի, ինչը հաշվի չի առնվում: Խնդիր է նաև տեղեկացվածության պակասը, ինչի արդյունքում ծնողները հաշվի չեն առնում երեխաների նախասիրություններն ու անձնային որակները, ինչպես նաև թյուր կարծիք ունեն միջին մասնագիտական կրթության մասին: Երեխաներին կողմնորոշելու համար համապատասխան աշխատանքներ չեն տարվում նաև դպրոցում: Ի վերջո՝  պետք է հաշվի առնվեն նաև աշխատաշուկայի պահանջները և ոչ թե մոդայիկ մասնագիտությունները: Արդյունքում՝ անգամ պահանջված մասնագիտությունների դեպքում շատ շրջանավարտներ հմտությունների բացակայության պատճառով համալրում են գործազուրկների շարքերը, կամ աշխատանք են գտնում, բայց արդեն ոչ մասնագիտությամբ: 



«Մեր կենտրոնը փորձում է դպրոցներում ունենալ վերապատրաստված մասնագետներ, նրանց տալ համապատասխան մեթոդաբանություն, մշակել տարբեր մեթոդիկաներ՝ հաշվի առնելով նոր զարգացումները ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում: Կարիերայի խորհրդատուի որակավորման համար հիմնվում ենք հիմնականում հոգեբանի, սոցիալական մանկավարժի, սոցիալական աշխատողի որակավորում ունեցող անձանց վրա: Մինչ այսօր ունենք 320 դպրոցում վերապատրաստված շուրջ 650 մասնագետ: Նրանք ոչ բոլոր դպրոցներում են աշխատում, քանի որ ԿԳՆ-ն իրավական հիմքերը դեռ չի ապահովել»,-ասաց Հայկուհի Գևորգյանը:



Հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասաժամեր ներդնելու ուղղությամբ Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի ու ԿԳՆ-ի միջև համաձայնությունը մշակման փուլում է: Դպրոցներում այս աշխատանքների իրականացման համար նոր հնարավորություններ անհրաժեշտ չեն լինի: Դպրոցներում մասնագիտական կողմնորոշում պետք է կատարեն սոցիալական մանկավարժը, հոգեբանը, որոնց պաշտոնի անձնագրերի 6-7 կետը վերաբերում է մասնագիտական կողմնորոշմանը:

 

Կենտրոնի տնօրենի խոսքով՝ իրենք իրականացնում են նաև հետազոտություններ կայքերում հրապարակված աշխատաշուկայի պահանջի վերաբերյալ:

Դրանց արդյունքում՝ վերջին եռամսյակի համար աﬔնապահանջված մասնագիտությունն է տեխնիկ-ծրագրավորողը, պահանջված են նաև ֆինանսիստի, տնտեսագետի, շուկայագետի, սպասարկման ոլորտի մենեջերի մասնագիտությունները: Եվ պահանջարկն ու առաջարկը համընկնում են միայն տնտեսագետի, ծրագրավորողի մասնագիտությունների դեպքում:

Դիմորդներին հետաքրքրող հոգեբանի, դիզայների և շատ այլ մասնագիտությունների պահանջարկ չկա աշխատաշուկայում: Հաճախ երեխաներն ընտրում են օտար լեզուները միայն նրա համար, որ լեզու սովորեն:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը