16.02.2016

Մարզային հանդիպում-քննարկում Կապանում

World Vision-ը և Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը` մարզպետարանի հետ համատեղ փետրվարի 16-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում կազմակերպել էին մարզային հանդիպում-քննարկում: Նպատակը՝ ՎՎ-ի կողմից Սյունիքում իրականացվող երիտասարդական ծրագրերի կայունության ապահովումն է: Հիշեցնենք, որ ՄԿՄԿ-ն World Vision-ի աջակցությամբ երիտասարդական ծրագրերի շրջանակներում իրականացնում է Սյունիքի մարզում մասնագիտական կողմնորոշման ծառայությունների ներդրում:

Հանդիպմանը ներկա էին ներկայացուցիչներ Սյունիքի մարզպետարանից, ՎՎ Սյունիքի մարզի զարգացման տարածքային կենտրոնից, Կապան և Սիսիան քաղաքների, ինչպես նաև հարակից գյուղերի դպրոցների տնօրեններ և Կենտրոնի կողմից վերապատրաստված մասնագիտական աջակցությունների գծով փոխտնօրեններ:

Ելույթով հանդես եկավ Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը: Նա խոսեց Կենտրոնի գործունեության և մասնագիտական կողմնորոշման ներկայիս խնդիրների մասին, թե ինչպե՞ս հանրակրթական դպրոցներում համակարգել աշխատանքները, ներկայացրեց մարզում մասնագիտական կողմնորոշման ներդրման հնարավորությունները՝ Կենտրոնի, ՎՎ-ի, մարզպետարանի և մյուս շահագրգիռ կողմերի հետ համագործակցության տեսանկյունից:

Աշխատաժողովի շրջանակներում անցկացվեց մասնագիտական կողմնորոշման միջոցառումները թեմայով աշխատանքային քննարկում, որի արդյունքում մասնակիցները նախանշեցին այն հիմնական միջոցառումները, որոնք պետք է իրականացնեն դպրոցներում:

Արդյունքում բոլոր կողմերը պատրաստակամություն հայտնեցին աշխատելու՝ միմյանց աջակցելով, ի նպաստ մարզում երիտասարդների հետագա զբաղվածության խթանմանը: Վերապատրաստված բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր, իսկ Կենտրոնը ապագայում նույնպես կշարունակի վերապատրաստումները և այցերը, կտրամադրի մեթոդական աջակցություն,  խորհրդատվություն բոլոր դպրոցներում:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը