06.11.2015

Զբաղվածության մասնագետների վերապատրաստում

 

Նախորդ շաբաթ Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնն իրականացրեց  զբաղվածության պետական գործակալության և համալիր սոցիալական ծառայությունների մարզերի տարածքային կենտրոնների մեկական մասնագետի վերապատրաստում՝ «Աշխատանք փնտրող և գործազուրկ անձանց մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման ծառայությունների իրականացման տեխնիկաները» թեմայով:

Զբաղվածության ծրագրերի շրջանակում մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման ծառայություններն այսօր արդիական են և կարևոր, քանի որ ներկայումս ԶՊԳ-ում գրանցված աշխատանք փնտրող և գործազուրկ անձանց 61.2%-ը չունի մասնագիտություն, իսկ 38.8%-ն ունի մասնագիտություն, սակայն համարվում է երկարատև գործազուրկ: Ուստի, զբաղվածության ակտիվ ծրագրերում նրանց արդյունավետ ներգրավման և կայուն զբաղվածության ապահովման առաջնային խնդիրը մասնագիտության և կարիերայի մասին տեղեկատվության, խորհրդատվության, մոտիվացիայի և ինքնորոշման ծառայությունների իրականացումն է:

Այդ նպատակով Կենտրոնի կողմից մշակված մեթոդաբանության համաձայն իրականացվեց թվով 40 մասնագետների համապատասխան գիտելիքների և հմտությունների զարգացմանն ուղղված ինտերակտիվ դասընթաց: Այն հնարավոր դարձավ ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ՝ ապահովելով մասնակիցների ճանապարհածախսն ու կեցությունը Ծաղկաձորում:

Բացման և մասնակիցներին ողջույնքի խոսքերով հանդես եկան Կենտրոնի ուսումնամեթոդական բաժնի պետ Հակոբ Թադրոսյանը  (մ.գ.թ., դոցենտ) և ԱՄԿ ազգային ծրագրի համակարգող Կարինե Սիմոնյանը:

Վերապատրաստման ծրագիրը մշակված էր հասցեական՝ ակնկալելով նպատակային ծառայություններ և արդյունք կոնկրետ շահառու խմբերի համար: Մասնավորապես, արդյունավետ հաղորդակցման տեխնիկային ծանոթանալուց հետո մասնակիցներին ներկայացվեց երկու թիրախային խմբի հետ աշխատանքի մեթոդաբանություն: Առաջին խմբում դիտարկվում են մասնագիտություն չունեցող մինչև 35 տարեկան աշխատանք փնտրող և գործազուրկ անձինք, որոնց հետ պետք է իրականացվի անձի բացահայտման և մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն: Երկրորդ խմբում ներգրավվում են մասնագիտական որակավորում ունեցող, սակայն երկարատև գործազուրկ անձինք, որոնց հետ տարվող աշխատանքները ներառում են ինքնագնահատման, մոտիվացիայի և ինքնորոշման ծառայություններ:

Վերապատրաստումն անցկացվեց ինտերակտիվ մեթոդներով, գործնական աշխատանքի, դերային և իրադարձային խաղերի համադրմամբ, ակտիվ քննարկումների ու բանավեճերի անցկացմամբ: Ներկայացվեց նաև Կենտրոնի կայքէջը (mycareer.am), առցանց թեստային համակարգերը, մասնագիտությունների ֆիլմաշարը, կայքի «Մասնագիտությունների մոլորակ» բաժինը, որոնք կարող են օգտակար առցանց ռեսուրսներ դառնալ մասնագետների համար:

Ընթացքում մասնակիցներին տրամադրվեց ոչ միայն անձի հետ աշխատանքի նպատակային մոդուլներով նախատեսված մեթոդաբանության փաթեթ, այլև թվով 10 շահառուի համար ծառայությունների իրականացման ձևաչափերի, թեստերի և այլ աշխատանքային գործիքների պատճենները:

Վերջում, փակման խոսքով հանդես եկավ ԶՊԳ Աշխատանքի խորհրդատվության և տեղեկատվության բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը, ով կարևորեց աշխատանք փնտրող անձանց մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման աշխատանքների կազմակերպումը զբաղվածության ծրագրերում և յուրաքանչյուր մասնագետի դերը ծրագրի իրականացման գործում:

Ամփոփելով վերապատրաստման ընթացքն ու արդյունքները՝ Կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը երկխոսության հրավիրեց մասնակիցներին՝ քննարկելու մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման ծառայությունների իրականացման գործընթացում ակնկալվող խնդիրներն ու դժվարությունները: Խոսվեց միասին կատարվելիք աշխատանքների և ակնկալվող արդյունքների մասին, հարց ու պատասխանի միջոցով քննարկվեցին առկա խնդիրները, դրանց լուծման ճանապարհները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Կենտրոնի մասնագետները շարունակական խորհրդատվություն կիրականացնեն արդեն մարզերում՝ աշխատանքի ընթացքում աջակցելով վերապատրաստվածներին:

Մասնակիցների կարծիքով նմանատիպ ակտիվ վերապատրաստումների շարունակական կազմակերպումը կնպաստի տարածքային կենտրոնների անձնակազմի մասնագիտական և առանցքային կարողությունների զարգացմանը: Արդյունավետության և մատչելիության տեսանկյունից վերապատրաստման ինտերակտիվ ձևաչափը մասնակիցները շատ բարձր գնահատեցին:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը