Տարածաշրջանային 12 պետական քոլեջներում կարիերայի կենտրոնների ստեղծման և զարգացման ծրագրի մեկնարկ

Ապրիլի 23-ին Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնր Եվրոպական կրթական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել էր սեմինար-քննարկում` «ՄԿՈՒ հաստատություններում կարիերայի կենտրոնների հիմնադրում և զարգացում» թեմայով: Սեմինարին մասնակցում էին Եվրոպական կրթական և «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամների, ՀՀ  կրթության և գիտության(ՀՀ ԿԳՆ), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի(ՀՀ ԱՍՀՆ) նախարարությունների և ՄԿՈՒ հաստատությունների պատասխանատուներ:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՆ աշխատակազմի նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը, ՀՀ  ԱՍՀՆ աշխատակազմի զբաղվածության բաժնի պետ Ռուզաննա  Պեպանյանը և Եվրոպական կրթական հիմնադրամի Հայաստանի համար պատասխանատու Միլենա Կորադինին: Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը ներկայացրեց Հայաստանում կարիերայի ուղղորդման համակարգի հետագա զարգացման հեռանկարները: Հաշվի առնելով հանրապետությունում բնակչության  և հատկապես երիտասարդների շրջանում զբաղվածության ցածր մակարդակը, նախարարությունը զբաղվածության ոլորտում որդեգրած իր նոր քաղաքականությամբ անցում է կատարել առավել ակտիվ և համակարգային բարեփոխումների: Այս ուղղությամբ 2012թ. ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացան ՀՀ զբաղվածության ռազմավարության և ՀՀ-ում մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացման հայեցակարգը: Քննարկվող խնդիրներից կրթություն-աշխատաշուկա կապի ապահովումն է ու հավասարակշռության ստեղծումը, որի արդյունքներից մեկը պետք է լինի հանրապետությունում մասնագիտական կողմնորոշման գործուն համակարգի ստեղծումը:

Մեկօրյա սեմինարի ընթացքում  քննարկվել է ՄԿՈՒ հաստատություններում ստորաբաժանման ստեղծման խնդիրները, կարիերայի ուղղորդումը, տրվել են միջազգային համատեքստն ու սահմանումները, կարիերային վերաբերող տեղեկատվությունը, կրթությունը և խորհրդատվությունը, կարիերայի ուղղորդման իրականացման մոդելները, կարիերայի կենտրոնների նպատակներն ու գործառույթները, խորհրդատուների աշխատանքի բնութագիրը: Ներկայացվել է մոդել Հայաստանի համար, կարիերային  վերաբերող տեղեկատվության հավաքագրման և տարածման,  կրթության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև կարիերայի վերաբերյալ խորհրդատվության որոշ տեսական և գործնական մոդելներ:

Կարիերայի կենտրոնների ստեղծումն ու զարգացումը պետք է լրացնեն և ապահովեն ստացած մասնագիտական կրթության իրացումն արդեն աշխատաշուկայում: Համաձայն հայեցակարգի, ուսումնական հաստատություններում կներդրվի «Կարիերայի կառավարում» առարկան, որն ուղղված կլինի անձի ինքնագնահատման, աշխատանքի և հասարակության միջև կապի, կարիերայի պլանավորման, ձեռներեցությամբ սեփական զբաղվածությունն ապահովելու և աշխատաշուկա մուտք գործելու համար հիմնական կարողունակությունների զարգացմանը:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը