ՈՒսուցում 12 տարածաշրջանային պետական քոլեջների կարիերայի կենտրոնների պատասխանատուների համար

Սեպտեմբերի 17-18-ին Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնր Եվրոպական կրթական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել էր ուսուցում 12 տարածաշրջանային պետական քոլեջների կարիերայի կենտրոնների պատասխանատուների համար: Ուսուցմանը մասնակցում էին Եվրոպական կրթական և «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամների, ՀՀ  կրթության և գիտության(ՀՀ ԿԳՆ), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի(ՀՀ ԱՍՀՆ) նախարարությունների և վերոնշյալ ՄԿՈՒ հաստատությունների պատասխանատուներ:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՆ աշխատակազմի նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը, ՀՀ  ԱՍՀՆ աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը, Եվրոպական կրթական հիմնադրամի Հայաստանի համար պատասխանատուր Միլենա Կորադինին և Եվրոպական կրթական հիմնադրամից Գաբրիելա Պլատոնը, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի տնօրեն Արամ Ավագյանը: Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի զարգացման ծրագրերի համակարգող Գոհար Ասլանյանը  ներկայացրեց Հայաստանում կարիերայի ուղղորդման համակարգի հետագա զարգացման հեռանկարները:

Երկօրյա սեմինարի ընթացքում  քննարկվել է ՄԿՈՒ հաստատություններում կարիերայի ուղղորդման առկա իրավիճակը, կարիերայի ստորաբաժանման ստեղծման խնդիրները, տրվել են միջազգային համատեքստն ու սահմանումները, կարիերային վերաբերող տեղեկատվությունը, կրթությունը և խորհրդատվությունը, կարիերայի ուղղորդման իրականացման մոդելները, կարիերայի կենտրոնների նպատակներն ու գործառույթները, խորհրդատուների աշխատանքի բնութագիրը, ինչպես նաև նրանց է ներկայացվել «Մասնագիտական ուսումնական հաստատություններում կարիերայի կենտրոնների զարգացման» ուղեցույցի բովադակությունը, որից հետո մասնակիցները աշխատանքային խմբերով վերլուծել են ձեռնարկը և նշել դրա արդյունավետությունը: Սեմինարի երկրորդ օրը մասնակիցներին է ներկայացվել կարիերայի ուղղորդման ոչ ֆորմալ դասընթացները, դասընթացավարի դերն ու պարտականությունները և աշխատանքային խմբերի միջոցով մասնակիցները փորձել են ներկայացնել որոշակի մոդուլներ: Որից հետո Միացյալ Թագավորությունից ժամանած փորձագետը խոսել է Ձեռներեցության առանցքային կարողությունների մասին, մասնավորապես. ձեռներեցության հմտությունների զարգացում ուսանողների մոտ ինքնազբաղվածության ապահովման համար:

Որպես ուսուցման ամփոփում վերոնշյալ ՄԿՈՒ հաստատությունների կարիերայի ստորաբաժանման մասնագետները կազմել են գործողությունների ծրագիր, որով և նախատեսվում է պլանավորել և իրականացնել կարիերայի ուղղորդման աշխատանքներ իրենց քոլեջներում: Հոկտեմբերին նախատեսվում է իրականացրած արդյունքների փորձը փոխանակել հանրապետության մյուս ՄԿՈՒ հաստատությունների հետ:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը