Մասնագիտությունների օրեր Դիլիջանում և Արտաշատում

Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը (ԵՊԼՀ) Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի հետ համատեղ  ապրիլի 18-ին Դիլիջանում և ապրիլի 22-ին Արտաշատում կազմակերպել էին «ԵՊԼՀ մասնագիտությունների օր 2014» միջոցառումը:

Միջոցառման ընթացքում ԵՊԼՀ տարբեր ամբիոնների և կենտրոնների մասնագետները Դիլիջան և Արտաշատ քաղաքների, շրջակա համայնքների դպրոցականներին, նրանց ծնողներին և բոլոր հետաքրքվողներին ներկայացրեցին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի բակալավրական և մագիստրոսական ծրագրերը, պատմեցին ուսուցանվող տասնյակ լեզուների մասին: ԵՊԼՀ արտասահմանցի դասախոսները ներկայացրեցին նաև իրենց երկրների մշակույթը և ավանդույթները: Միջոցառմանը ներկա էին համալսարանի ավելի քան 40 դասախոսներ և ուսանողներ, մարզպետարանի և քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, դպրոցականներ և ծնողներ: 

Կենտրոնի մասնագետները դպրոցների բարձր դասարանցիների համար կարդացին դասախոսություններ` մասնագիտական կողմնորոշման, մասնագիտության գիտակցված ընտրության և կարիերայի պլանավորման կարողությունների զարգացման վերաբերյալ: Թեև մեկ դասաժամը քիչ է աշակերտին ուղղորդելու մասնագիտության ընտրության հարցում, այնուամենայնիվ նրանց հետ տարվում է այնպիսի զրույցներ, որոնք մտածելու տեղիք կտան հետագայում կողմնորոշվելու հարցում: Աշակերտները հասկացան, որ պետք է ի մի բերեն իրենց հետաքրքրությունները, գիտելիքների պաշարն ու աշխատաշուկայի պահանջները:

Այս ծրագիրը անցկացվում է արդեն երկրորդ տարին: Անցկացվել է Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում և Դիլիջանում: Նախատեսվում է իրականացնել նաև հանրապետության այլ մարզերում:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը