Մասնագիտական կրթություն և ղեկավարների վերապատրաստում Հարավային Կովկասում

Գերմանիայի Միջազգային Համագործակցության ընկերությունը  (GIZ)  ս.թ. ապրիլի 19-ին անցկացրեց ՄԿՈՒ  Գործընկերների հանդիպման աշխատաժողով Հրազդան հյուրանոցի կոնֆերանս-դահլիճում, որին  մասնակցեց  նաև «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն»-ը:  Այն  կազմակերպվել էր «Մասնագիտական կրթություն և ղեկավարների վերապատրաստում Հարավային Կովկասում 2013-2014թթ.» նախագծի շրջանակներում,որի նպատակն է  զարգացնել ՄԿՈՒ ոլորտի ղեկավարների և մասնագետների կարողությունները` վերապատրաստումների միջոցով կրթական նոր տեխնոլոգիաներ ներդնելու և մասնագիտական կրթության բարեփոխումներն իրականացնելու ուղղությամբ:   Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին ուղենիշներ նախագծի պլանավորման և իրականացման մեկնարկի վերաբերյալ, հետագա  հասցեական աշխատանքների կազմակերպման նպատակով,առանձնահատուկ կարիքների և տեղական համատեքստին համաձայն:

Նախագծի իրականացման նախադրյալներից են` Հարավ-Կովկասյան հանրապետություններում վերջին տարիներին նկատվող տնտեսական զարգացման առաջընթացը, նախնական և միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների պահանջարկի աճի միտումները, ոլորտի ղեկավարների և մասնագետների վերապատրաստման անհրաժեշտությունը, պատրաստված մասնագետների մրցունակության ապահովումն աշխատանքի ներքին և արտաքին շուկաներում: Նախագծի հայեցակարգի մշակման ընթացքում հաշվի են առնվել «ՀՀ կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի» մասնագիտական կրթության բաժնում նախատեսված հետևյալ միջոցառումները. ինտեգրում միասնական եվրոպական կրթական տարածքին, մասնագիտական կողմնորոշման համակարգի ստեղծում, մասնագետների պահանջարկի ձևավորման համակարգի ներդնում և այլն:

Նախագիծն իրականացվելու է հետևյալ եղանակներով. ուսուցումը տեղում`հրավիրված փորձագետների կողմից վերապատրաստումների և երկխոսությունների միջոցով, գիտամեթոդական սեմինարների, կլոր սեղանների և աշխատաժողովների կազմակերպում, գործուղումներ Գերմանիա` պրակտիկայի անցկացմամբ:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը