Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ծառայությունների համակարգի ներդրման առաջին արդյունքներն արդեն շոշափելի են

Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը 2015թ. առաջին կիսամյակն ամփոփում է զգալի արդյունքներով: Այս ժամանակահատվածում ընտրանքյաին դպրոցներում, քոլեջներում, բուհերում, համալիր սոցիալական ծառայությունների և «Զբաղվածության պետական գործակալության» տարածքային կենտրոններում մասնագիտական կողմնորոշման և կարիերայի խորհրդատվություն իրականացնելու նպատակով վերապատրաստում է անցել ոլորտի ավելի քան 130 մասնագետ՝ Երևանում և հանրապետության մարզերում, իրազեկման սեմինարներին մասնակցել է 120-ից ավելի պատասխանատու: Զուգահեռ, շարունակվել են դեռ 2013-ից մեկնարկած մեթոդական նյութերի մշակման աշխատանքները:

Այս տարին առանձնահատուկ է նրանով, որ արդեն շոշափելի են 2013-2014թթ. մշակված մեթոդաբանության, դրանց հիման վրա իրականացված վերապատրաստման արդյունքները: Երևանի (թվով 40), Գորիսի (թվով 10), Կապանի (թվով 10), Վանաձորի (թվով 10), Գյումրիի (թվով 10), Արմավիրի մարզի թվով 10 գյուղական համայնքների  դպրոցներում ներկայումս իրականացվում են մասնագիտական կողմնորոշման ծառայություններ, մասնագետներն ունեն տարեկան ծրագիր և աշխատանքի ընթացքում պարբերաբար ստանում են մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն: Եղեգնաձորի (թվով 5), Արարատի մարզի (թվով 5), Սևան քաղաքի և մոտակա գյուղերի թվով 10 դպրոցներում ևս կան վերապատրաստված 2-ական մասնագետ, սակայն նրանք դեռ նոր են սկսում պլանավորել իրենց աշխատանքն այս ուղղությամբ:

Դասընթացների ավարտին անցկացված հարցման համաձայն մասնակիցների համար թեման հետաքրքիր էր և հագեցած, արդյունավետ էր նյութը խաղարկային մեթոդով ներկայացնելը, գործնական և խմբային աշխատանքները, քննարկումները:

Ըստ վերապատրաստված մանկավարժների, այս ծառայությունների իրականացման գործում խոչընդոտ կարող է հանդիսանալ այն, որ Մասնագիտական կողմնորոշում թեմայով հանդիպում անցկացնելու համար հատկացված չէ առանձին ժամանակ և հստակեցված չեն իրականացնողներն ու խնդիրները, աշխատանքի բնույթի փոփոխությունը, ժամանակը, զբաղվածությունը, համապատասխան հմտություններին ոչ լիարժեք տիրապետումը:

Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ծառայությունների մատուցման հաջորդ օղակում՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ևս զգալի են փոփոխությունները: Ընտրված թվով 22 քոլեջներում (10-մարզերում, 12-ը Երևանում) արդեն գործում են կարիերայի ստորաբաժանումներ և/կամ համապատասխան ծառայություն իրականացնող՝ վերապատրաստված մասնագետներ: Գրեթե բոլոր հաստատություններն ունեն կարիերայի ծառայությունների իրականացման տարեկան աշխատանքային ծրագիր, որը համաձայնեցված է տնօրենի հետ և հաստատված կառավարման խորհրդի կողմից: Պատասխանատուներն աշխատում են Կենտրոնի կողմից մշակված մեթոդաբանությամբ՝ շարունակական խորհրդատվություն ստանալով Կենտրոնի մասնագետներից:

2015թ. Կենտրոնի հետ համագործակցության ցանցում ընդգրկվեցին նաև Հայաստանի թվով 10-ը բուհերը՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ՀՀ Պետական ճարտարագիտական համալսարան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Եվրասիա միջազգային համալսարան, Երևանի հյուսիսային համալսարան և ՀՀ պետական կառավարման ակադեմիա: Վերջիններիս կարիերայի կենտրոնների պատասխանատուները 40-ժամյա վերապատրաստում անցան Կենտրոնում՝ «Բուհերում կարիերայի ուղղորդման աշխատանքները» թեմայով: Հաշվի առնելով այն փաստը, որ բուհերի կարիերայի կենտրոնները հիմնականում ունեն աշխատանքի փորձառություն, նրանց հետ աշխատանքի ծրագիրը տարբերակված էր՝ շեշտադրելով այն խնդիրները, որոնց հանդիպում են գործունեության ընթացքում և այն ուղղությունները, որոնք զարգացման կարիք ունեն: 

Վերապատրաստման բոլոր դասընթացներն անցկացվել են լսարանային և գործնական (որոշ դեպքերում նաև աշխատավայրերում, անհատական) ինտերակտիվ մեթոդներով, հագեցած` հետաքրքիր և կառուցողական քննարկումներով:

Դասընթացների ավարտին անցկացված հարցման արդյունքում կարելի է արձանագրել, որ դրանք մասնակիցների կողմից գնահատվել են հիմնականում արդյունավետ, մոտիվացնող և օգտակար:

Ըստ մասնակիցների իրենց աշխատանքների կազմակերպմանը խոչընդոտ կարող է լինել բուհի կողմից նոր առաջարկների չընդունումը, ժամանակը, կարիերայի կենտրոնի աշխատողների ոչ բավարար քանակը, գիտելիքների պակասը, ուսանողների մոտիվացիայի բացակայությունն և գործատուների պասսիվությունը:

Համակարգի մոդելի համաձայն կրթության համակարգից դուրս, մասնագիտության, զբաղմունքի և աշխատանքի հարցերում դեռևս հստակ կողմնորոշում չունեցող, վերամասնագիտացման ու վերաորակավորման, աշխատաշուկայի արագ փոփոխվող պայմաններին հարմարվելու կարիք ունեցող անձանց մասնագիտական կողմնորոշման, կարիերայի պլանավորման խորհրդատվության անցկացումը վերապահված է համալիր սոցիալական ծառայությունների և «Զբաղվածության պետական գործակալության» տարածքային կենտրոններին: Այս կիսամյակի ընթացքում իրականացվել են իրազեկման և համակարգի ու ծառայությունների ներկայացման հանդիպումներ տարածքային կենտրոնների անձնակազմի համար: Յուրաքանչյուր կենտրոնից ընտրվել է մեկական մասնագետ, ով առաջիկայում կվերապատրաստվի Կենտրոնի կողմից:

   Կենտրոնի կողմից վերապատրաստման դասընթացներ անցած բոլոր մասնագետները ստացել են մասնակցության հավաստագիր:

 

***

Հիշեցնենք, որ Կենտրոնի գործունեությունը բխում է ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 40 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության մասնագիտական կողմնորոշման զարգացման հայեցակարգի» պահանջներից: Կենտրոնի կողմից իրականացվող ծառայություններն ուղղված են հանրապետությունում ողջ կյանքի ընթացքում անձի մասնագիտական կողմնորոշման գործուն համակարգի ներդրմանն ու զարգացմանը:

Կենտրոնի հիմնական թիրախը մասնագիտական կողմնորոշման համակարգի կառույցներն են, որոնք են՝ հանրակրթության, մասնագիտական և բուհական կրթության հաստատությունները, համալիր սոցիալական ծառայությունների և «Զբաղվածության պետական գործակալության» տարածքային կենտրոնները: Հիմնական շահառուներն են նշված կառույցների համապատասխան մասնագետները:

          Կենտրոնի կողմից մշակվող մեթոդաբանության և իրականացվող ծառայությունների արդյունքում ակնկալվում է ողջ կյանքի ընթացքում տարիքային տարբեր խմբերում և սոցիալ-աշխատանքային տարբեր իրավիճակներում գտնվող անձանց մասնագիտության արդյունավետ ընտրության, փոփոխության և կարիերայի շարունակական զարգացման հնարավորությունների ապահովում` նկատի ունենալով մարդու անձնային հատկանիշները, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջարկի փոփոխվող իրավիճակը:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը