Ճանաչիր աշխարհն անգլերենով

Բրիտանական խորհրդի «Ճանաչիր աշխարհն անգլերենով» մեկօրյա համաժողովը տեղ է ունեցել փետրվարի 2-ին Երեւանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Արեւիկ Բադալյանը, համաժողովին մասնակցել են 100 անգլերենի մասնագետներ, կրթական հաստատությունների ղեկավարներ, դասախոսներ եւ ուսուցիչներ: Համաժողովի բացմանը հանդես եկան ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Էյվսը, ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Բրիտանական խորհրդի «Ճանաչիր աշխարհն անգլերենով» համաժողովն իր շուրջը համախմբեց անգլերենի մասնագետներին` քննարկելու Լեզուների իրազեկության համաեվրոպական համակարգի շրջանակում լեզուների իմացության գնահատման առավելությունները, Հայաստանում այդ համակարգի կիրառման հնարավորությունները, ինչպես նաև կներկայացվեն ուսուցիչների կատարելագործմանն ուղղված Բրիտանական խորհրդի դասընթացները, դասավանդման համար նախատեսված նյութերը և անգլերենի իմացության ստուգման միջազգային քննությունները

Եվրախորհրդի հրապարակած Լեզուների իրազեկության համաեվրոպական համակարգը հստակորեն սահմանում է լեզվի իմացության մակարդակները: Այսօր աշխարհում ընդունելի և ճանաչելի դարձած այդ սանդղակով լեզուների իմացությունը գնահատվում է A1-ից մինչև C2 աստիճան, ուր A1-ը համարվում է լեզուների իմացության նախնական, իսկ C2-ը` կատարյալ մակարդակ: Լեզուների իրազեկության համաեվրոպական համակարգը ճանաչելի եւ ընդունելի է միջազգայնորեն: Բրիտանական խորհրդի առաջարկած դասընթացներն ու քննությունները, որոնք համապատասխանում են այս համակարգին համաժողվի ընթացքում ներկայացվեցին Բրիտանական խորհրդի մասնագետների կողմից:

Բրիտանական խորհուրդն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում առցանց ուսուցանմանը: TeachingEnglish, LearEnglish, LearnEnglish Teens եւ LearnEnglish Kids կայքերը նախատեսված են ինչպես ուսուցիչների, այնպես էլ տարբեր տարիքային խմբերում ընդգրկված անգլերենն ուսումնասիրողների համար:

Հատուկ այս համաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած ուսուցիչների վերապատրաստող Ջերալդ Մաքինթշն ուսուցիչների համար կանցկացնի աշխատաժողովներ` ուսուցիչներին ներկայացնելու դասավանդման ոլորտի զարգացումներն ու փոփոխությունները:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը