Հուլիսի 3-ին ՄԿՄԿ_ի մեթոդական խորհուրդը գումարեց իր առաջին նիստը

Համաձայն կենտրոնի կանոնադրության, խորհրդի նպատակն է աջակցել մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացմանն ուղղված մեթոդական, ուսումնական աշխատանքների գնահատմանը, կենտրոնի ծառայությունների որակի բարձրացմանը: Խորհրդի հիմնական գործառույթներն են տալ եզրակացություն կենտրոնի կողմից մշակված մասնագիտական կողմնորոշման և կարիերայի կառավարման մեթոդաբանությանը, մասնագիտական կողմնորոշման համակարգի կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման ծրագրերին, լսել Կենտրոնի ստորաբաժանումների, ինչպես նաև առանձին աշխատողների կատարած մեթոդական աշխատանքների մասին հաշվետվությունները, երաշխավորել Կենտրոնում կատարված հետազոտական և ուսումնամեթոդական աշխատանքների հրապարակումը և դրանց գործնական կիրառելիությունը, քննարկել և տալ եզրակացություն հետազոտությունների գծով Կենտրոնի զարգացման ծրագրերին,ինչպես նաև աջակցել գիտաժողովների, սեմինարների կազմակերպմանը:

         ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով հաստատված խորհրդի կազմն ընդգրկում է թվով 9 անդամ` մեկական ներկայացուցիչ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, էկոնոմիկայի նախարարությունների աշխատակազմերից, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունից, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտից, Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնից, Երևանի պետական համալսարանից, Հայաստանի մանկավարժական պետական համալսարանից և Հայաստանի գործատուների հանրապետական միությունից:

         Խորհուրդն իր աշխատակարգը քննարկելու և հաստատելու հետո առաջադրեց նախագահի թեկնածուներ: Ներկայացված երկու թեկնածուներից նախագահ ընտրվեց Թադևոս Ավետիսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ:

Օրակարգային հաջորդ հարցի համաձայն Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը ներկայացվեց կենտրոնի գործունեության 2013թ. աշխատանքային ծրագիրը և մինչև տարեվերջ մեթոդական խորհրդի նիստերի նախնական ժամանակացույցը, ինչպես նաև Կենտրոնի կողմից մշակված «Մասնագիտական ուսումնական հաստատություններում կարիերայի կենտրոնների զարգացման ուղեցույցը»: Վերջինիս վերաբերյալ խորհուրդը պետք է տա իր եզրակացությունը:

Նիստի ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ հանդիպումը հրավիրել հուլիսի 13-ին` Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնում:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը