«Կառուցի՛ր քո ապագան այսօր»

Երևանի պետական ագրարային համալսարանի ուսանողուհի Կարինե Հարությունյանի մտքով երբևէ չէր անցնի, որ ինքը բավականաչափ վստահություն կգտնի իր մեջ մոտենալու հայտնի գործատուի տաղավարին և անձամբ զրուցելու կադրերի գծով մասնագետի հետ` հետագա աշխատանքի կամ պրակտիկայի հնարավորությունների վերաբերյալ: Մտքում շարունակ կրկնելով իր ուժեղ կողմերը, նա այցելեց «Կառուցի՛ր քո ապագան այսօր» երիտասարդների կարիերայի տոնավաճառը և փորձեց օգտվել գործատուների հետ զրուցելու յուրաքանչյուր հնարավորությունից, փորձելով տեսնել, թե ուր կարող է դիմել և ինչպես կարող է լավ տպավորություն թողնել, որպեսզի հրավիրեն հարցազրույցի: «Ի~նչ հիանալի է»,-բացականչեց Կարինեն: «Մենք`ուսանողներս, միշտ մտածել ենք, որ դասերի հետ ժամանակ չենք ունենա աշխատելու և որ առանց դիպլոմի ոչ մի արժեք չենք ներկայացնում գործատուի համար, մինչդեռ այս տոնավաճառն ապացուցեց, որ իրականում գոյություն ունի կենսունակ աշխատանքային շուկա ուսանողների համար, ովքեր գրեթե փորձառություն չունեն և կարող են պրակտիկա անցնել ու տեղում սովորել և աճել»:


«Մեզ ոգեշնչում է մեր չափազանց երիտասարդ և չափազանց նվիրված պրակտիկանտների եռանդը, ովքեր նոր հեռանկարներ են բացում մեր աշխատանքում: Տոնավաճառն ավելի մեծ թվով նման երիտասարդների հանդիպելու հիանալի հնարավորություն տվեց»:

Արմեն Դևեջյան, Սիվիլիթաս հիմնադրամ


Կարինեն մեկն է այն 3500 ուսանողներից, շրջանավարտներից կամ այլ երիտասարդ անհատներից, ում 7 համալսարանների կարիերայի կենտրոնների և սոցիալական ցանցերի կողմից ընտրվել էին կարիերայի տոնավաճառին օգնելու նպատակով, որը կազմակերպվել էր մայիսի 22-ին, կիրակի օրը, Արմենիա Մարիոթ հյուրանոցում: «Ես միշտ էլ տատանվել եմ իմ ինքնակենսագրականն ուղարկել որևիցե թափուր աշխատատեղի համար, քանի որ հաստատ կլինեն ավելի մեծ փորձառության տեր դիմորդներ, քան ես եմ` նորավարտս», խոստովանում է Նարե Պետրոսյանը Երևանի պետական լեզվաբանական համալսարանից: «Այս տոնավաճառը մեզ` բոլոր երիտասարդներիս, մեկ քայլով ավելի մոտեցրեց գործատուներին, հնարավորություն ընձեռելով ուղղակիորեն հաղորդակցվելու նրանց հետ, ավելի լավ հասկանալու, թե հատկապես ինչ են նրանք փնտրում, ինչպես նաև միաժամանակ ստանալ օգտակար խորհուրդներ ինքնակենսագրական պատրաստելու և վերապատրաստման օգնությամբ այլ կարևոր թեմաների վերաբերյալ: Կուզենայի, որ ավելի շատ լինեին նման հնարավորություններ»:


Տոնավաճառն աննախադեպ միջոցառում էր, որը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ կենսաթոշակների և աշխատաշուկայի բարեփոխման ծրագրի (ԿԱԲԾ), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (ԶՊԾԳ) և Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի (ԵՄԿԿ) կողմից: Ոչ միայն առաջին անգամ էր այդպիսի մասշտաբի միջոցառում կազմակերպվում Հայաստանում, այլև այն եզակի խորագիր էր կրում` զբաղվածություն, կրթություն, տնտեսություն, որն ի մի էր բերել 10 գործընկեր կազմակերպությունների և ավելի քան 100 գործատուների ու կրթական հաստատությունների, որպեսզի Հայաստանի երիտասարդությանն առաջարկի մեկօրյա նպատակաուղղված աջակցություն:


«Տոնավաճառը կարևոր ուղերձ է հղում այսօրվա երիտասարդությանը` մտածելու իրենց ապագայի մասին այժմ և կառուցելու այն` հիմնվելով լավ կրթության, մասնագիտական կողմնորոշման և աշխատաշուկայի պահանջների վրա» -ասաց ԶՊԾԳ տնօրեն Սոնա Հարությունյանը: Մասնակիցները տեղեկացան, թե որ կարիերաներն են պահանջարկ վայելում կամ պահանջարկ կունենան մոտ ապագայում: Նրանք խոսեցին կրթական հաստատությունների հետ` մասնագիտական կողմնորոշում ձեռք բերելու նպատակով, ինչպես նաև տեղեկանալու, թե որտեղից կարող են ձեռք բերել նոր հմտություններ: Բացի այդ, հետաքրքրված անհատները մասնակցեցին առանձին աշխատաժողովների, որոնք կազմակերպվել էին տոնավաճառի շրջանակում և ծանոթացան աշխատանքի որոնման, ինքնակենսագրական կազմելու, հարցազրույց անցնելու հմտություններին, ինչպես նաև սովորեցին, թե ինչպես պետք է պատշաճ կերպով ներկայանալ գործատուներին: «Ես ինքնակենսագրականը բարելավելու օգտակար մոտեցումների ծանոթացա, որոնք թույլ կտան ավելի լավ ընդգծել իմ հմտությունները և ներուժը» - ասաց Արմինե Ավոյանը` Երևանի պետական համալսարանից:


Ընդգծելով տոնավաճառի ուղերձը, ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրեն պրն. Ջոն Սեոնգը տոնավաճառի բացման արարողության ժամանակ նշեց, որ լավ կրթությունն առաջընթացի հիմնաքարերից մեկն է. «Այժմյան խիստ մրցունակ աշխարհում Հայաստանն առավել քան երբևէ կարիք ունի ընդգրկելու իր ամենապայծառ ու ամենաընդունակ երիտասարդներին մասնավոր հատվածում, կառավարության գործունեության և կրթական համակարգում, այդպիսով ապահովելով իր մրցունակությունը»:


«Իսկապես հետաքրքիր էր: Իմ ինքնակենսագրականն արդեն ուղարկել եմ մի քանի ընկերությունների և հիմա պատրաստվում եմ հարցազրույցների»:
Աստղիկ Սարգսյանի գրառումը տոնավաճառի մասին Ֆեյսբուքյան էջում


Խոսելով աշխատաշուկայում ակտիվ միջամտությունների անհրաժեշտության մասին, Սոնա Հարությունյանը նշեց, որ կարիերայի տոնավաճառի նման միջոցառումները կարևոր են և անհրաժեշտ, քանի որ Հայաստանի բնակչության ավելի քան մեկ քառորդը երիտասարդներ են: «ԶՊԾԳ-ի համար կարիերայի այս տոնավաճառը շատ կարևոր է այն առումով, որ աշխատանք փնտրողներին կարճ ճանապարհ և ավելի լավ հնարավորություն է տալիս ընտրել թե’ մասնագիտություն, թե’ աշխատանք: Հայաստանում բազմաթիվ աշխատատեղեր ամիսներ շարունակ թափուր են մնում, չնայած գործազրկության բարձր մակարդակին: Ուստի, այնպիսի միջոցառումները, ինչպիսիք են տոնավաճառը, ճիշտ խթան են գործատուների և երիտասարդների համար`այդ թափուր աշխատատեղերն արագ համալրելու առումով»:


Երեք հիմնական գործընկերներից բացի, տոնավաճառին աջակցող 10 կազմակերպությունների թվում էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում, Հայաստանի առևտրի և արդյունաբերության պալատը, Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, Բրիտանական խորհուրդը, Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտը, Այրեքսը և Գլոբալ զարգացումների հիմնադրամը: «Ուրախ ենք այս տոնավաճառին մասնակցություն ունենալու համար` մյուս գործընկերների հետ միասին»,-նշեց Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչ Գոհար Սարգսյանը: «Սա ոչ միայն հրաշալի հնարավորություն է ուսանողների համար հանդիպել գործատուների հետ, ովքեր առաջարկում են աշխատատեղեր և մասնագիտական պրակտիկա, այլ նաև լավ առիթ է գործատուների համար` երիտասարդ սերնդին բացատրելու, թե ինչ աշխատեղերի կարիք ունեն և նրանց ներկայացնելու շուկայի միտումները»:


Տոնավաճառը գրավել էր նաև զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը, որի մասին պատրաստվեցին ավելի քան 30 առցանց հոդվածներ հայերեն և անգլերեն լեզուներով, իսկ որոշ հատվածներ տեղադրվեցին YouTube-ում` համալսարանների կարիերայի կենտրոնների կողմից: Օրվա վերջում շատերը հեռացան` հուսալով, որ տոնավաճառը հիմք կստեղծի հետագայում կանոնավոր կերպով նման միջոցառումներ կազմակերպելու համար, որը կխրախուսի երիտասարդներին, գործատուներին կտրամադրի համապատասխան տարածք` ներկայանալու համար և աշխատաշուկայի առումով տնտեսական աճի խթան կհանդիսանա:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը