Բարև Ձեզ:

Բարև Ձեզ:

Ես Տիգրան Թորոսյանն եմ, Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի շնորհիվ սովորում եմ Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում` զբոսաշրջություն մասնագիտությամբ:  Երբ ես ավարտեցի միջնակարգ դպրոցի իններորդ դասարանը, ինձ մոտ շատ մեծ հարց ծագեց` որտե՞ղ պետք է շարունակեմ  ուսումս: Ես շատ էի ուզում, որ իմ ապագան ճիշտ կառուցվի: Հավատացեք ինձ, դա իմ կյանքի ամենակարևոր պահերից էր: Ի վերջո մայրիկս բարեկամների միջոցով տեղեկացավ կենտրոնի մասին: Ծնողներիս հետ այցելեցի կենտրոն: Դեռ հաստատ չգիտեի, թե որ մասնագիտությունը ինձ ավելի հարազատ կլինի: Կենտրոնում նախ փորձեցին պարզել, թե ինչ նպատակով ենք դիմում իրենց, խոսեցի իմ ցանկությունների մասին: Հետո մեզ ուղեկցեցին աշխատակցի սենյակ, ով ներկայացավ որպես խորհրդատու-հոգեբան: Նա զրուցեց իմ և ծնողներիս հետ, ընթացքում բացահայտվեցին իմ ունակությունները, կարողությունները, հետաքրքրությունները, նախասիրությունները և այլն: Հետո նաև առաջարկեց թեստեր լրացնել: Շատ հետաքրքիր էր: Երկրորդ անգամ ևս այցելեցինք կենտրոն: Հանդիպումների արդյունքում հստակեցվեցին իմ հնարավորությունների շրջանակները, առաջարկվեց երեք տարբեր մասնագիտություններ:

Այս տարբերակները միասին քննարկելուց հետո ընտրեցի ինձ համար հարազատ և ամենապահանջարկված մասնագիտություններից մեկը` զբոսաշրջության կազմակերպումը:

Հիմա ես մեծ սիրով ու հաճույքով եմ սովորում և վստահ եմ, որ մեծ հաջողությունների կհասնեմ իմ մասնագիտությամբ:

Ես շատ ուրախ եմ, որ ի վերջո գտել եմ ինձ հարազատ մասնագիտություն:

Եթե դուք նույնպես չեք կարողանում կողմնորոշվել մասնագիտության հարցում, ապա խորհուրդ եմ տալիս այցելեք Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն: Այստեղ ձեզ անպայման կօգնեն:

 

 

 

Սուսաննա Մկրտչյան, խորհրդատու-հոգեբան

Տիգրանը դիմել էր Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն և դժվարանում էր կողմնորոշվել ուսման հետագա անելիքների հարցում` ավագ դպրո°ց, թե° քոլեջ: Ինչու՞ և ինչպե՞ս` դեռ պարզ չէր:  Կենտրոնում զրուցել եմ երեխայի և ծնողների հետ, որի արդյունքում բացահայտվել են երեխայի պոտենցիալ հնարավորությունները, հետաքրքրությունները, նախասիրությունները, հակումները, ուժեղ ու թույլ կողմերը, անձնային առանձնահատկությունները: Դա հնարավորություն է տվել պարզելու, որ նա հետաքրքրասեր, շփվող, նախաձեռնող, ակտիվ, կազմակերպված, մտքերը հստակ արտահայտելու ունակություն ունեցող պատանի է: Ապա ձեռք բերված տեղեկատվությունը համադրել եմ  նաև աշխատաշուկայի պահանջարկի հետ` այսինքն` հաշվի են առնվել «ուզում եմ», «կարող եմ» և «պետք է» կարևորագույն բաղադրիչները: Առաջարկների առավելություններն ու թերությունները քննարկել եմ Տիգրանի ու ծնողների հետ ու երեխային համապատասխան ոլորտներ առաջարկել: Արդյունքում ընտրվել է զբոսաշրջության ոլորտը:

Տիգրանին մաղթում եմ մասնագիտական բազմաթիվ հաջողություններ և աշխատանքային ձեռքբերումներ:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը