Հայաստանում ներդրվում է ներառական կրթության համակարգը

Ներառական կրթության ներդրումը ենթադրում է, որ այսուհետ հանրապետության դպրոցները պետք է հարմարեցվեն հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան սովորական աշակերտների հետ դասերի հաճախել:

Ներառական համակարգի ներդրմամբ, Հայաստանը կատարում է իր միջազգային պարտավորությունը. 2010 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է հաշմանդամների իրավունքներին վերաբերող կարևորագույն միջազգային փաստաթուղթ, որով նաև պարտավորություն է ստանձնել համապատասխան խտրականությունները վերացնելու եւ միասնական ծառայություններ մատուցելու տեսակետից, այդ թվում`կրթության ոլորտում: Համակարգի ներդրման ողջ գործընթացը կավարտվի 2022 թվականին, ինչի համար բյուջեից կպահանջվեն հավելյալ ֆինանսական միջոցներ։

Դպրոցների վերազինման գործընթացն իսկապես կարող է երկար ժամանակ պահանջել, քանի որ դրանց մեծամասնությունը խորհրդային տարիներին են կառուցվել, և բարդ կլինի այդ շենքերը հարմարեցնել առողջական խնդիրներ ունեցող եւ սայլակներից օգտվող երեխաների կարիքներին:

Ներառական համընդհանուր համակարգի ներդրման վերաբերյալ՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը 2012թ. հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքերով, ներառական կրթությունը ներդրվելու է Հանրապետության բոլոր՝ 1347 գործող դպրոցներում: Բացի այդ, հատուկ դպրոցներում մեկ երեխայի կրթական կարիքներն ապահովելու ինքնարժեքը տարեկան շուրջ 1 միլիոն դրամ է (2463 ԱՄՆ դոլար), այնինչ ներառական կրթության դեպքում այդ ցուցանիշը 4 անգամ իջնելու է՝ դառնալով շուրջ 250 հազար դրամ (615 ԱՄՆ դոլար)։

Հայաստանում այսօր գործում է շուրջ 107 ներառական դպրոց: Ամեն տարի դրանց թիվն ավելանում է 15-ով։ Համակարգի ներդրումը, սակայն, հարթ ճանապարհով չի անցել։ Հիմնական խնդիրներից մեկը հասարակության, հատկապես ծնողների հոգեբանական պատրաստվածության հարցն էր.

«Մասնագետներին մտահոգում է նաև այն փաստը, որ ծնողներն են ի վերջ որոշում, թե իրենց երեխան ինչպիսի դպրոց պետք է հաճախի՝ հատո՞ւկ, թե՞ ներառական համակարգով.

«Հատուկ դպրոցները Հայաստանում չեն կարող վերանալ, ինչպես վերացած չեն և ոչ մի երկրում, ուղղակի այդ դպրոցների քանակը շատ փոքր է, և այնտեղ ոչ նպատակային երեխաներ չեն հայտնվում», -Ազգային ժողովում օրինագծի քննարկման ժամանակ ասել էր Արմեն Աշոտյանը։

Նախարարի խոսքերով, հատուկ դպրոց պետք է գնան միայն այն երեխաները, ովքեր այլեւս այլընտրանք չունեն, իսկ եթե կա գեթ մեկ հնարավորություն, որ երեխան կարող է կրթական ծրագիր յուրացնել հանրակրթական դպրոցում, ուրեմն նա պետք է հաճախի սովորական դպրոց։

«Հասարակությունը պետք է ավելի ընկալունակ, տոլերանտ լինի, հասկանա, որ տվյալ անձն իր հասարակության անդամն է, իր հասարակության երեխան է», - նշել էր նախարարը։




Ներբեռնել Arian AMU տառատեսակը