Հայաստանում անցկացվել է գերմաներենի ուսուցիչների և դասախոսների օր

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան աջակցությամբ տեղի են ունեցել  գերմաներենի ուսուցիչների և դասախոսների օրվան նվիրված միջոցառումներ: Պաշտոնական բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է  եկել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը: Թեև գերմաներենը Հայաստանում ամենամեծ տարածում ունեցող օտար լեզուն չի համարվում, սակայն ըստ Ա. Աշոտյանի՝ այն գնալով ավելի լայն տարածում է գտնում. «Այսօրվա միջոցառումը հերթականն է՝ ուղղված Հայաստանում գերմաներեն լեզվի և մշակույթի տարածմանը:

 

Վերջին տարիներին Գերմանիայի դեսպանատան հետ համագործակցության շնորհիվ հնարավոր դարձավ Հայաստանում ընդլայնել գերմաներենի ուսուցման ծավալները՝ Հայաստան ներմուծելով գերմանախոս աշխարհի մշակույթն ու կրթական ծրագրերի պահանջարկը»,–նշել է նախարարի պաշտոնակատարը։ Որպես համագործակցության հաջողված արդյունք՝  Արմեն Աշոտյանը նշել է Երևանում Գյոթեի ինստիտուտի լեզվի ուսուցման կենտրոնի բացումը, միաժամանակ հույս հայտնելով, որ գերմանական  կողմը ջանքեր կգործադրի, որպեսզի մոտ ապագայում Հայաստանում բացվի նաև Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղը: Ա. Աշոտյանը բարձր է գնահատել Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի  (DAAD)-ի աջակցությամբ իրականացվող կրթական ծրագրերը՝ շեշտելով, որ Գերմանիան Հայաստանին կրթաթոշակային տեղեր հատկացնող երկրորդ երկիրն է՝ Ռուսաստանից հետո:  DAAD-ի կողմից  2012 թվականին ավելի քան 285 հայ երիտասարդների  շնորհվել է կրթաթոշակ` ապահովելով ամենաբարձր կրթաթոշակային  ցուցանիշը: «Ակնհայտ է, որ այսօր մի քանի անգամ ավելի ուսանողներ են հնարավորություն ստանում սովորել Գերմանիայի համալսարաններում, քան հինգ տարի առաջ»,- նշել է Ա. Աշոտյանը: Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել  Գերմանիայի կառավարությանը և Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրին  (DAAD)-ին՝ Հալլե-Վիթենբերգի  համալսարանում գործող Մ. Մաշտոցի անվան  հայագիտական կենտրոնի գործունեությանն աջակցելու համար: «Վստահ եմ, որ Հալլե-Վիթենբերգի համալսարանի Մ. Մաշտոցի անվան հայագիտական կենտրոնը կմնա հայ-գերմանական մշակութային բարեկամության առաջամարտիկը»,- շեշտել է Ա. Աշոտյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում հայաստանյան դպրոցներից մեկն ու Գերմանիայի Սաքսոնիա Անհալթ նահանգի մի դպրոց կհամագործակցեն:
Գերմաներենի ուսուցիչների և դասախոսների օրը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ՝ DAAD տեղեկատվական կենտրոնի նախաձեռնությամբ:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը