Կլոր-սեղան քննարկում

Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը մասնակցեց ս/թ. փետրվարի 14-ին ԱՄՆ ՄԶԳ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) (2012-2015) ծրագրի շրջանակներում անցկացվող կլոր-սեղան քննարկմանը: (LIFE) ծրագրի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց համար խթանել զբաղվածության հավասար հնարավորությունները և աշխատանքի մատչելիությունը՝ որպես մարդու հիմնարար իրավունք: 2013 թ. հունիսից «Սեյվ դը չիլդրենը» աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների, ՀԿ-ների և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 14 ծրագրերի իրականացմանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ուսումնական/աշխատանքային միջավայրը բարելավելու, շուկայական պահանջարկ ունեցող նոր ծրագրեր մշակելու և մասնագիտական կրթության դասընթացներ անցկացնելու, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրմանը, մասնագիտական վերապատրաստմանն ու վերականգնմանը նպաստող ներառական միջավայր ստեղծելու նպատակով:

Հանդիպման առաջին մասում ներկայացվեց իրականացվող ծրագրերի մինչ օրս կատարած աշխատանքները, արձանագրվեցին եղած հաջողությունները, դժվարությունները, ինչպես նաև նախանշվեցին հետագա գործունեության հեռանկարները: Ելույթ ունեցան խոսնակներ` հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություններից, ՀԿ-ներից, նախնական(արհեստագործական)   և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից: Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական կողմնորոշման մեթոդաբանությունը և գործիքները, որոնք կկիրառվեն մասնագիտական կողմնորոշում տրամադրելիս, ինչպես նաև հասանելի կլինեն առցանց տարբերակով` կենտրոնի պաշտոնական կայքէջում:

 Հանդիպման երկրորդ մասում քննարկման միջոցով վերհանվեցին հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներն ու խոչընդոտները մասնագիտական կրթություն և ուսուցում ստանալու գործընթացում և տրվեցին դրանց հաղթահարման առաջարկությունները` ինստիտուցիոնալ մակարդակում կիրառելու համար: Հանդիպման քննարկումներից հետո կմշակվեն հաշմանդամություն ունեցող անձանց բնականոն մասնագիտական կրթության և ուսուցման կազմակերպման և իրականացման քաղաքականության վարման առաջարկությունները` նախատեսված ՀՀ-ում համապատասխան որոշում կայացնողների համար:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը