Կարիերայի օր, հունիսի 25, 2013թ., «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոց

Մասնագիտական կողմնորոշման հնարավորություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների և նրանց ծնողների համար

Հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար Երևանի թվով 12 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական (ՄԿՈՒ) հաստատություններում մասնագիտական կրթություն ստանալու տեղեկատվության և խորհրդատվության բացառիկ հնարավորություն է հունիսի 25-ին, ժամը 11:00-ից մինչև 15:00-ը` «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցում, Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի կողմից կազմակերպված կարիերայի օր-տոնավաճառը: «Կողմնորոշում, կրթություն, ապագա աշխատանք» խորագրով Կարիերայի օր-տոնավաճառի հիմնական նպատակն է աջակցել ավարտական դասարանների աշակերտներին և նրանց ծնողներին` ստանալու համապարփակ  տեղեկատվություն և խորհրդատվություն մասնագիտության և ուս.հաստատության ընտրության մասին: Միջոցառմանը կարող են մասնակցել նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք, որոնք հնարավորություն կունենան մեկ հարկի տակ ծանոթանալու ՄԿՈւ հաստատությունների կողմից առաջարկվող մասնագիտություններին, որակավորումներին, ուսումնառության պայմաններին, նաև այն նախաձեռնություններին, որոնք կիրականացվեն հաստատություններում առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթությունն ապահովելու համար:

Միջոցառմանը մասնակցում են նաև Հայաստանում ներառական մասնագիտական կրթության խթանման նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Սեյվ դը չիլդրեն»-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում 2013թ. հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքում ընտրված ՄԿՈՒ հաստատությունները` Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը, Երևանի տարածաշրջանային թիվ 1 և Աճեմյանի անվ. թիվ 2 պետական քոլեջները, որոնք ծրագրի շրջանակներում առաջարկում են համապատասխան պայմաններ հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասնագիտական կրթությունն ապահովելու համար:

***

Հակիրճ տեղեկատվություն «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» Ծրագրի մասին. LIFE ծրագիրը մեծ նշանակություն է տալիս  հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական կողմնորոշմանը և ներառական մասնագիտական կրթության ոլորտի զարգացմանը: Բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում երիտասարդ հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց ծնողների և ուսուցիչների հետ` ներկայացնելու հնարավորությունները և քաջալերելու հաշմանդամություն ունեցող երիտասարդներին շարունակել ուսուցումը՝ ստանալով մասնագիտություն: 

Այսպես, 2013 թ-ին  LIFE ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում ընտրվել են 14 ՀՈՒԱ հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններ (ՀՈՒԱԿ) և նախնական(արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ, որոնք դրամաշնորհային ծրագրի շրջանակներում`

  • կբարելավեն  ՄԿՈՒ հաստատությունների ֆիզիկական, ճանաչողական, ուսումնական և աշխատանքային միջավայրը;
  • կտրամադրեն ֆորմալ և/կամ ոչ-ֆորմալ ներառական մասնագիտական կրթություն շուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններով;
  • կմշակեն  մեթոդաբանություն, ուսումնական ծրագրեր, ուսուցիչների համար օժանդակ նյութեր, որոնք անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող երիտասարդների ներառական մասնագիտական կրթության համար;
  • կաջակցեն բոլոր տեսակի` այդ թվում նաև հոգեբանական խոչընդոտների վերացմանը;
  • Կմշակեն  ՀՈՒԱ կարիերայի ուղղորդման մեխանիզմներ և հեռավար էլեկտրոնային ուսուցման դասընթացներ, և
  • Կհզորացնեն ՄԿՈՒ հաստատությունների ՀՈՒԱ-ների հետ աշխատելու  ինստիտուցիոնալ կարողությունները:

 

Ծրագիրը կունենա մոտ 1200  հաշմանդամություն ունեցող շահառու  և կիրականացվի 12 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:

Ակնկալվում է, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացված նախաձեռնությունները կնպաստեն հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրմանը, մասնագիտական վերապատրաստմանն ու վերականգնմանը։




Ներբեռնել Arian AMU տառատեսակը