Կարիերայի օր-տոնավաճառ

Մասնագիտությունների մեծ աշխարհում կողմնորոշման և համապատասխան մասնագիտական ուսումնական հաստատության ընտրության առջև կանգնած աշակերտները  սեպտեմբերի 28-ին հնարավորություն ունեցան ծանոթանալու Երևանի տասից ավելի քոլեջների, ուսումնարանների, վարժարանների հնարավորություններին: 

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մշակույթի տան շենքում` մեկ հարկի տակ նրանց համախմբելու նախաձեռնողներն էին «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ը և Վորլդ Վիժն-Հայաստան գրասենյակը: «Կողմնորոշում, կրթություն, կամավորություն» խորագրով Կարիերայի օր-տոնավաճառի նպատակն էր նպաստել 14-16 տարեկան դեռահասների մասնագիտության գիտակցված ընտրությանը, ծանոթացնել նրանց ուսումնական հաստատություններին, կամավորական աշխատանքին, ինչպես նաև կողմնորոշման գործընթացում ներգրավել ծնողներին ու մանկավարժներին:

Տոնավաճառին մասնակցած հաստատությունները հանդես եկան ինտերակտիվ տաղավարներով, ներկայացրեցին իրենց ուսումնական հաստատությունը, ուսուցանվող մասնագիտությունները, հնարավորությունները, ընդունելության կարգը, անցկացրեցին նաև վարպետաց դասեր մի շարք մասնագիտությունների գծով:

 Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի կողմից արդեն ավագ դպրոցի աշակերտների համար անցկացվեց «13 կարողություններ և հմտություններ» թեմայով ոչ ֆորմալ դասընթացը, ցուցադրվեց աշխատաշուկայում առավել պահանջարկված տասը մասնագիտություններ ներկայացնող ֆիլմաշարը: Չորս ժամ տևած միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 200 դեռահասներ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թվով հինգ դպրոցներից: Նրանց մասնակցությունը ապահովվեց Վորլդ Վիժն-Հայաստան գրասենյակի կողմից:

Միջոցառման մասնակիցներից մի քանիսն ըստ ցանկության գրառումների տեսքով կիսվեցին իրենց տպավորություներով.

«Շատ մեծ բավականություն ստացա այս դասընթացից: Հիմա կարծես ավելի ռեալ եմ մտածում: Հայտնում եմ շնորհակալությունս նման դասընթաց անցկացնելու համար»:

Թիվ 127 ավագ դպրոց

Մարիամ Ասրյան

 

«Մեր քոլեջի անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կազմակերպիչներից, որ մեզ հնարավորություն տրվեց ներկայացնել մեր քոլեջի մասնագիտությունները, մեր ուսանողներին: Նմանատիպ միջոցառումներն ունեն ճանաչողական բնույթ, որոնք հնարավորություն են տալիս դպրոցականներին ավելի ճիշտ ընտրել հետագա իրենց մասնագիտությունը»:

Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջ

Լ. Ջուլհակյան




Ներբեռնել Arian AMU տառատեսակը