Կարիերայի օր`

Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի նախաձեռնությամբ հունիսի 25-ին «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցի շքասրահում անցկացվեց Կարիերայի օր` «Կողմնորոշում, կրթություն, ապագա աշխատանք» խորագրով: Միջոցառումն իրականացվեց մասնագիտական ուսումնական հաստատությունների կարիերայի կենտրոնների զարգացման աջակցության շրջանակներում, որի հիմնական նպատակն էր նախնական և միջին մասնագիտական հաստատությունների և կարիերայի ստորաբաժանման պատասխանատուներին ներկայացնել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը և ուսանողների կարիերայի պլանավորմանն ուղղված ակտիվ միջոցառումների անցկացման ձևաչափը:

Սույն նախաձեռնությունն իրականություն դարձավ Եվրոպական կրթական հիմնադրամի օժանդակությամբ` «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի և «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ աջակցությամբ:

Միջոցառումն ուներ երկու հիմնական խնդիր` աջակցել հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների աշակերտներին և նրանց ծնողներին` ստանալու կողմնորոշում, տեղեկատվություն և խորհրդատվություն ՄԿՈՒ հաստատություններում կրթություն և ուսուցում ստանալու, իսկ ուսանողներին` ապագա աշխատանք փնտրելու հնարավորությունների մասին:

Տոնավաճառին մասնակցեցին թվով 36 մասնակիցներ, այդ թվում` նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական հաստատություններ, գործատուներ, ARMSCOOP գիտակրթական ցանցը և «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը:

Կարևորելով այս ձևաչափով միջոցառման անցկացումը` մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանն առանձնակի շեշտադրեց մասնագիտության գիտակցված ընտրության խնդիրը, որն ապագա կայուն զբաղվածության առաջնային նախադրյալն է:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Արտակ Մանգասարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը, բաժնի պետ Սասուն Համբարձումյանը, ՄԿՈւ զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը, գործընկեր կառույցների պատասխանատուներ:

         ՄԿՈՒ հաստատությունները հանդես եկան տաղավարներով և միաժամանակ ցուցադրելով վարպետաց դասեր իրենց մոտ ուսուցանվող տարբեր մասնագիտությունների գծով` այդպիսիով աշակերտների և նրանց ծնողների մոտ առավել լայն պատկերացում ստեղծելով կոնկրետ մասնագիտությունների, հաստատություններում դրանց ուսուցման գործընթացի մասին:

Ընդհանուր առմամբ, տոնավաճառին մասնակցեց ավելի քան 200 աշակերտ, երիտասարդ, նաև ծնողներ:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը