Խորհրդաժողով` «Զբաղվածություն և զարգացում» թեմայով

Նոյեմբերի 21-ին «Անի պլազա» հյուրանոցի «Դվին» դահլիճում տեղի ունեցավ «Զբաղվածություն և զարգացում» թեմայով խորհրդաժողով` կազմակերպված Եվրոպական կրթական հիմնադրամի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

Համաժողովի նպատակն էր մասնակիցների քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2013-2018 թվականների զբաղվածության ապահովման ռազմավարությունը:

Զբաղվածության ոլորտի համակարգված ու նպատակային  բարեփոխումների արդյունավետ իրականացման նպատակով մշակվել է Հայաստանի Հանրապետության զբաղվածության 2013-2018թթ. ռազմավարությունը և իրականացման միջոցառումների ծրագիրը (այսուհետ` զբաղվածության ռազմավարություն): Զբաղվածության ռազմավարության մեջ ներկայացված են զբաղվածության քաղաքականության  միջնաժամկետ (2013-2018թթ.) թիրախներն ու դրանց իրագործման լուծումները: Դիտարկված են զբաղվածության խթանման հնարավորությունները, տրված են դրանց ապաբևեռացման  և համակարգման սկզբունքները,  իրականացման մեխանիզմները, ռազմավարական բարեփոխումների ապահովման ֆինանսական գնահատականը:

Սույն ռազմավարությունը 2012թ նոյեմբերի 8-ին հաստատվել է ՀՀ կառավարության նիստի N 45 արձանագրային որոշմամբ: Առանձնացնելով աշխատաշուկայի և կրթության համակարգի միջև առկա քանակական խզման հետևողական կրճատմանն ուղղված մարտահրավերները, փաստաթղթում նախանշվում են նաև մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրման կարևորությունը, որպես արժանապատիվ զբաղվածության ապահովման հիմնական երաշխիքներից մեկը:

Աշխատաշուկայի և կրթական համակարգի փոխադարձ կապի ապահովման համատեքստում,  որպես բնակչության զբաղվածության, աշխատաշուկայի արդյունավետ հավասարակշռության երկարաժամկետ ապահովման հեռանկարային միջոց,  մեծ նշանակություն է ստանում մասնագիտական կողմնորոշումը:  Հայաստանում մասնագիտական կողմնորոշման գործուն և կայացած համակարգ երբևէ չի եղել:

Տնտեսական և կրթական համակարգերում իրականացվող բարեփոխումների հիմնական նպատակների և գերակայությունների ընդհանրական համադրումից և վերլուծությունից կարելի է առանձնացնել տնտեսություն - աշխատաշուկա - կրթություն որակական մշտական կապի և արդյունավետ հավասարակշռության բացակայությունը:  

Ռազմավարության մեջ զբաղվածության ոլորտի զարգացումներով պայմանավորված քաղաքականության հիմնական մարտահրավերներում առանձնացվում է կրթության բոլոր մակարդակներում որակի շարունակական բարձրացման, որակավորումների ազգային շրջանակի ներդրման, ողջ կյանքի ընթացքում ուսումնառության հնարավորության և մատչելիության խթանման ճանապարհով` աշխատաշուկայի և կրթական համակարգի միջև առկա որակական անհամապատասխանությունների հետևողական կրճատումը, ողջ կյանքի ընթացքում  մասնագիտական կողմնորոշման արդյունավետ համակարգի ներդրումը, որը պետք է հիմնված լինի անհատի մասնագիտական նախընտրությունների ձևավորման հիմնական գործոնների ամբողջության և դրանք իրականացնելու ուղիների բազմակողմանի հաշվառման վրա: Զբաղվածության պետական քաղաքականության հիմնական uկզբունքներից նշվում է նաև արդյունավետ մասնագիտական կողմնորոշումը, տնտեսություն–աշխատաշուկա համապատասխանության ապահովումը, աշխատաշուկա-կրթական համակարգ կապի ապահովումը:

Զբաղվածության ոլորտում նախանշված ռազմավարական բարեփոխումների նպատակի իրացումը պետք է հանգեցնի մասնագիտական կողմնորոշման գործուն համակարգի ներդրմանը:

Խորհրդաժողովի ավարտին հիմնական բանախոս, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանն իր խոսքում կարևորեց ս/թ հոկտեմբերի 4-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը, որպես զբաղվածության ռազմավարությամբ նախանշված միջոցառումների իրականացված առաջին քայլերից մեկը:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը