Իրազեկման սեմինարներ Արմավիրի և Արտաշատի ՀՍԾՏԿ-ներում

Ս/թ. նոյեմբերի 27-ին և 29-ին «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի» և «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության համագործակցությամբ իրազեկման հանդիպումներ են իրականացվել Արմավիր և Արտաշատ քաղաքների համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում: Սեմինարներին իրենց մասնակցությունն էին ցուցաբերել ինչպես այդ քաղաքների ՀՍԾՏԿ-ներում աշխատող մասնագետները, այնպես էլ քաղաքի դպրոցների և մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնագետները: Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է Մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը, մասնագիտական կողմնորոշման համակարգի երեք հիմնական օղակներում ներդրվող ծառայությունների մատուցման մոդելների նկարագիրը:

Սեմինարները ընթացել են բավականին բուռն քննարկումներով, հարցերով և առաջարկություններով: Մասնագիտական կողմնորոշման դերը առավելապես կարևորեցին զբաղվածության տարածքային կենտրոնների մասնագետները, ովքեր անմիջական կապի մեջ են գտնվում աշխատանք փնտրող կամ գործազուրկ անձանց հետ, նրանց ուղղորդում են տարբեր կարճաժամկետ ուսուցումների և կարծիք հայտնեցին, որ ապագա ձեռնարկում ընդգրկված տեղեկատվությունը ավելի դյուրին կդարձնի այդ գործընթացը: Իսկ դպրոցների մասնագետները հույս հայտնեցին, որ հնարավորինս վաղ իրենք էլ իրենց մասնակցությունը կունենան մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացման գործընթացում:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը