ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ ԱՊՐԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ փետրվարի 27-ին կայացավ ՀՀ երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստ, որի նպատակն էր կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների ու նրանց ընտանիքների կենսապայմանների բարելավմանն ուղղված` շահագրգիռ կողմերի հետ համագործակցված աշխատանքների  կազմակերպումը:

 

Նիստի ընթացքում  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ՄԱԿ մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արիենսը ստորագրեցին «Խոցելի երեխաների սոցիալական ներառում, այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթության ծառայությունների ընդլայնում» ծրագրի Փոխըմբռնման հուշագիր:

 

Նախարար Արտեմ Ասատրյանը ողջունելով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն տիկին Քարեն Հիլիարդին, ՄԱԿ մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսին, ազգային հանձնաժողովի անդամներին, հյուրերին` նշեց, որ հուշագրի ստորագրումով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում շատ կարևոր բարեփոխումների մեկնարկ է սկսվում մեկ գլխավոր նպատակով` «Երեխան պետք է ապրի ընտանիքում»: «Նպատակն իրագործելու հստակ ճանապարհը այլընտրանքային ծառայությունների`խնամքի, սոցիալ վերականգնողական և այլ կենտրոնների ստեղծումն է, որոնք հնարավորություն կտան երեխային պահել ընտանիքում: Որքան էլ որ հաստատության պայմանները լավը լինեն, հնարավոր չէ դրանք փոխարինել ընտանիքում ստացած ջերմությամբ ու խնամքով: Մեր քաղաքականությունը հստակ է. Հայաստանի Հանրապետությունում կարող է և հնարավոր է չլինեն մանկատներ», իր խոսքում ընդգծել է նախարարը:

 

Նիստի ընթացքում ներկայացվեց ոլորտում իրականացվող բարեփոխումների աջակցության նպատակով մշակված հայեցակարգային մի շարք նախագծեր: Ավելի վաղ ստեղծվել էին աշխատանքային խմբեր` ուսումնասիրելու մշակված փաստաթղթերը և հանդես գալու իր դիտարկումներով և առաջարկություններով, որոնք էլ ներկայացվեցին նիստի ժամանակ:

Նիստին  մասնակցեց նաև Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը