ԴՇՀ տարեկան հաշվետվությունը` հոգաբարձուների խորհրդի նիստում

Տեղի է ունեցել Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն իր բացման խոսքում, որպես ուսուցման որակի արդյունավետության բարելավման կարևոր գործոն, ընդգծել է որակյալ դասագրքեր ունենալու և ուսումնական հաստատությունների սովորողներին դասագրքերով ապահովելու կարևորությունը:

Արմենը Աշոտյանը մեկ անգամ ևս շեշտել է դասագրքերի բովանդակային մատչելիության խնդիրը` կոչ անելով հաշվի առնել բոլոր շահառու կողմերի` մասնագետների, մանկավարժների, ծնողների տեսակետները և մոտեցումները:
Հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Գ. Գարեգինյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանրակրթական դպրոցների «Հայրենագիտություն-5», «Բնագիտություն-5-6», «Կենսանաբություն-7-8», «Ֆիզիկա-7-9», «Քիմիա-7-9», «Հայոց պատմություն-6-7», «Հայոց պատմություն-8-9», «Համաշխարհային պատմություն-6-7», «Համաշխարհային պատմություն-8-9», «Հասարակագիտություն-8-9» , «Աշխարհագրություն-6», «Աշխարհագրություն-7-8» դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների հրատարակման մրցույթի բացման, գնահատման և հաստատման աշխատանքներին: ՀՀ ԿԳ նախարարի 30.11.12թ. թիվ 1094-Ա/Ք «2013-2014 ուսումնական տարվա մրցույթով հաղթած դասագրքերը փորձարկելու մասին» հրամանի համաձայն` 20 անուն դասագիրք փորձարկման նպատակով տրամադրվել է հանրապետության 90 դպրոցի, ինչպես նաև դրանց էլեկտրոնային տարբերակները տեղադրվել են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի /ԿՏԱԿ/ կայքում: 2012-2013 ուսումնական տարում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին անվճար դասագրքեր տրամադրելու նպատակով պետական ուսումնական հաստատություններին պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 120մլն.դրամի չափով փոխհատուցում:
Հոգաբարձուների խորհուրդը որոշել է վերահրատարակել 10-րդ և 11-րդ դասարանների «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերը: 
2013 թվականին կհայտարարվի մրցույթ հետևյալ առարկաների դասագրքերի համար` «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» 5-9-րդ դասարանների համար, «Աշխարհագրություն»` 9-րդ, «Կենսաբանություն»` 9-րդ, ՆԶՊ` 8-9-րդ և «Տեխնոլոգիա»` 5-7-րդ դասարանների համար:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը