Բժշկական ի՞նչ մասնագիտություններ են անհրաժեշտ Հայաստանին

Աշխարհի տարբեր երկներում` ելնելով առողջապահական համակարգի կարիքներից, բժշկական մասնագիտությունների տարբեր ցանկեր գոյություն ունեն։ Հայաստանում նման ցանկ վերջին անգամ հաստատվել է 1996 թվականին։ Անցած տարիների ընթացքում համակարգի պահանջները թեև բավական փոխվել են, սակայն մասնագիտությունների ցանկն անփոփոխ է մնացել և չի համապատասխանում այսօրվա պահանջներին։

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նախարարության գլխավոր մասնագետներին հրավիրել էր կարևոր այդ հարցի քննարկմանը։ Նախարարը հորդորեց խնդիրը դիտարկել ավելի լայն ենթատեքստում։ Մասնավորապես` փորձել հնարավորինս ճիշտ որոշել յուրաքանչյուր մասնագիտության տեղն ու դերն ընդհանուր ցանկում, ինչպես նաև դրանց բնութագրերի, իսկ հաջորդ փուլում` այդ կադրերի պատրաստման հարցերը։

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետները նախ քննարկեցին և հավանության արժանացրեցին ՀՀ ԱՆ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Ս. Սողոմոնյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության բժշկական, դեղագիտական և հանրային առողջապահական մասնագիտությունների ցանկի կառուցվածքը։ Համաձայն դրա կունենանք ՀՀ կառավարության կողմից հաստատված «բուժական գործ, ստոմատոլոգիա, դեղագիտություն, հանրային առողջություն և կանխարգելիչ բժշկություն», ինչպես նաև բուժքույրական ընդհանուր մասնագիտություններ, որոնցից յուրաքանչյուրը կունենա հիմնական մասնագիտությունների և դրանցում ներառնվող նեղ մասնագիտությունների ցանկ` հաստատված ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։ Այնուհետև ծավալուն քննարկումներ տեղի ունեցան հիմնական և նեղ մասնագիտությունների շուրջ։

«Կարևոր է, որ մենք հանգամանորեն մոտենանք բոլոր հարցերին, քանզի դրանք փոխկապակցված են։ Ասենք, եթե այս կամ այն տեղամասում, բնակավայրում չկա էնդոկրինոլոգ, ապա ո՞ր մասնագետը կարող է նրան փոխարինել։ Իհարկե, առաջին հերթին` թերապևտը։ Հետևաբար ուսման ընթացքում ապագա թերապևտն էնդոկրինոլոգիան պետք է բավական խոր ուսումնասիրի։

Ես կարծում եմ, որ այս ցանկում վերջապես իրենց տեղն ու դերը պետք է ունենան նաև հարբժշկական մասնագիտությունները, ինչպես նաև այլընտրանքային կամ ինչպես հաճախ ասում են` ավանդական բժշկությամբ զբաղվողները»,-ասաց նախարարը։

Նա գլխավոր մասնագետներին առաջարկեց հարցը քննարկել կոլեկտիվներում և մասնագիտական ասոցիացիաներում և դրանց արդյունքներով առաջարկություններ ներկայացնել։ Դերենիկ Դումանյանը նաև նշեց, որ գլխավոր մասնագետների ինստիտուտն այսուհետև ավելի մեծ դերակատարում է ունենալու, նրանց աջակցությամբ շարունակական բարեփոխումներ պետք է իրականացվեն բոլոր ոլորտներում։ Այդ նպատակով ծառայությունների վիճակը, դրանցում առկա խնդիրներն ու ծրագրերը կքննարկվեն նաև նախարարին կից կոլեգիայում։ Դերենիկ Դումանյանը գլխավոր մասնագետներին առաջարկեց տեղերում քննարկել նաև բժիշկների մասնագիտական որակավորման բարձրացման, ինչպես նաև նրանց հեղինակության ապահովման նպատակով մասնագետների ատեստավորման կամ լիցենզավորման կարգը վերականգնելու հարցը, որին կանդրադառնան առաջիկայում։

Slaq.am - Լրատվական աղբյուր



Ներբեռնել Arian AMU տառատեսակը