ԲՈՒՀԸ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻՆ ՄՈՏԵՑՆԵԼՈՒ ևՍ ՄԵԿ ՔԱՅԼ

Նոյեմբերի 19-ին Երևանի Պետական համալսարանում անցկացվեց առաջին միջբուհական հանրապետական «Բուհից աշխատաշուկա` մեկ քայլ» խորագրով աշխատանքի տոնավաճառը, որի նպատակն էր` միավորելով մեկ վայրում գործատուներին, բուհերին, աշխատանք փնտողներին, նպաստել բուհերի նորավարտ մասնագետներին համապատասխան աշխատանք գտնելու, աշխատաշուկայում առաջ տեղաշարժվելու, գործատու կազմակերպություններին գտնելու մրցունակ մասնագետներ: Ուսանողները կարող էին թողնել իրենց կենսագրականները կամ մասնակցել գործատուների կողմից անցկացվող հարցազրույցներին:

 

100-ից ավելի տաղավարներում ներկայացված էին տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսավարկային, զբոսաշրջային, հեռահաղորդակցության, գիտակրթական, դեղագործության և այլ ոլորտներում գործող կազմակերպություններ: Աշխատանքի տոնավաճառին մասնակցեց նաև Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը, որպես ԵՊՀ-ի «Շրջանավարտների և կարիերայի կենտրոն»-ի գործընկեր կազմակերպություն: Կենտրոնի մասնագետները ուսանողներին և աշխատանք փնտրողներին իրազեկում էին  Կենտրոնի աշխատանքների մասին, ներկայացնում թափուր աշխատատեղերը: Ինչպես նաև Կենտրոնի մասնագետները անցկացրեցին «Որոնք են աշխատաշուկայում մրցունակ լինելու հիմնական կարողությունները» թեմայով սեմինար-դասընթացը:

 

Տոնավաճառի շրջանակներում կազմակերպվել էր «ՀՀ կրթական համակարգ և աշխատաշուկա. առկա խնդիրներն ու փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլեր» խորագրով հանրապետական կլոր սեղան-հանդիպումը` ԵՊՀ ռեկտորի, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ.Հարությունյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ս.Հարությունյանի նախագահությամբ: Կլոր սեղան-քննարկմանը նախատեսված էին զեկույցներ, որոնցով ամբողջանում էին այսօրվա աշխատաշուկայի, բուհերի և գործազուրկների փոխհարաբերությունները: Դրանք վերաբերում էին աշխատաշուկայում երիտասարդների խնդիրներին, մասնագիտական կողմնորոշմանն ու կարիերայի կառավարման համակարգի զարգացմանը, ձեռնարկությունների հետ բուհերի համագործակցությանը և այլն: Ի թիվս այլ բանախոսների` զեկույցով հանդես եկավ նաև Կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը` կարևորելով մասնագիտական և բուհական ուսումնական հաստատություններում ուսանողների առանցքային կարողությունների, մասնավորապես` կարիերայի կառավարման հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերը:

Տոնավաճառի կազմակերպիչ բուհերն էին Երևանի պետական, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական, Հայաստանի ամերիկյան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական, Հայաստանի ազգային ագրարային, Հայաստանի պետական ճարտարագիտական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանները:

 Միջոցառման կազմակերպմանն ու անցկացմանը աջակցում էին ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը