Աղետների ռիսկերի նվազեցմանը նվիրված կրթական աշխատաժողով

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և Հումանիտար օգնության եվրոպական հանձնաժողովի դեպարտամենտը Ստամբուլում կազմակերպել էին Կենտրոնական Ասիայի և հարավային Կովկասի երկրների կրթության համակարգում աղետների ռիսկերի նվազեցմանը նվիրված աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի, Ճգնաժամային իրավիճակների կառավարման ակադեմիայի ներկայացուցիչներ:

 

Աշխատաժողովի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել ԵՄ «Արտակարգ իրավիճակներին դիմակայելու պատրաստվածության ծրագրի» շրջանակում կրթության համակարգում կատարված աշխատանքները, իրականացնել առաջավոր փորձի փոխանակում, ինչպես նաև քննարկել տարածաշրջանի երկրներում աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված հետագա ծրագրերը:

Հայկական պատվիրակությունը ներկայացրել է Աղետների ռիսկերի նվազեցման համակարգման մեխանիզմները, մասնավորապես ազգային պլատֆորմի կառուցվածքն ու գործառույթները, կրթական թեմատիկ խմբի գործունեությունը, միջգերատեսչական և քաղաքացիական հասարակության կառույցների համագործակցության իրավական հիմքերն ու ծրագրերը, հանրակրթության ոլորտում ներդրված ուսումնամեթոդական ձեռնարկներն ու դիդակտիկ նյութերը, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ հայ աշակերտների նկարահանած տեսաֆիլմ-հոլովակները:

Տարածաշրջանի երկրները ներկայացնող պատվիրակությունները բարձր են գնահատել հայկական փորձն ու ցանկություն արտահայտել որոշակի բաղադրիչներով առավել մանրամասն ծանոթանալ իրականացված աշխատանքներին, իսկ աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ ներկայացված մանկական տեսահոլովակներն արժանացել են բարձր գնահատականի և առանձնացվել Ժնևում կայանալիք ԱՌՆ Գլոբալ պլատֆորմի հանդիպմանը ցուցադրելու համար:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը