«Սովորելն ու սովորեցնելը հայրենասիրության ուժգին դրսևորումներից են»

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` ի դեմս ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը` ի դեմս խորհրդի նախագահ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և «Լույս» հիմնադրամը` ի դեմս կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի, նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ազդարարել են համատեղ նոր նախաձեռնության` «Գիտելիքի համալիր» ծրագրի մեկնարկը: Ծրագրի նպատակը Հայաստանի առաջատար բուհերի և փորձագետների միջև փորձի փոխանակման ապահովումն է, որը հնարավորություն է տալիս բոլոր ներգրավվածներին` միմյանց փոխանցել ուսումնառության և գիտելիքի պրակտիկ գործածման լավագույն փորձը:

Կարևորելով ծրագրի մեկնարկը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ծրագիրն ունի մի քանի նպատակ` երիտասարդ կադրերով բուհական համակարգի համալրում և նոր մտածելակերպի, նոր գիտելիքի ներմուծում ակադեմիական միջավայր: «Ծրագրի մյուս նպատակն է ցույց տալ, որ «Լույս» հիմնադրամի շրջանավարտներն իրականում հայաստանակենտրոն շրջանավարտներ են, քանի որ զգում են պատասխանատվություն պետության, ժողովրդի առջև, այն ժողովրդի, ով իր ջանքերով ֆինանսավորել է իրենց` բարձրակարգ կրթություն ստանալու հնարավորությունը: «Լույս» հիմնադրամի շրջանավարտները ոչ միայն վերադառնում են հայրենիք, այլև պատրաստ են զուգահեռ աշխատել նաև հայաստանյան բուհերում:

Ծրագիրը, ըստ Ժաքլին Կարաասլանյանի, կապահովի նորագույն գիտելիքի հոսքն արտերկրից Հայաստան և հակառակ ուղղությամբ` ապահովելով գիտելիքների և մտքի շրջանառություն: 

Արամ Սիմոնյանը ևս, կարևորելով ծրագիրը, ընդգծել է, որ պետք է ստեղծվի համապատասխան միջավայր, որպեսզի այն շնորհաշատ երիտասարդները, ովքեր աշխարհի լավագույն բուհերում կրթություն են ստացել և հայրենիք են վերադարձել, կարողանան իրենց գիտելիքները և հմտություններն օգտագործել հայրենի երկրի և հասարակության զարգացման համար: «Հայաստանյան բուհերը պատրաստ են իրենց գիտական և կրթական աշխատանքներում ներգրավել այդ շրջանավարտներին, ովքեր նաև ժամանակակից միջավայր կստեղծեն մեր բուհերում: Եվ, ամենակարևորը, որ նշված շրջանավարտները հավատացած լինեն, որ իրենք պահանջված կլինեն հայրենիքում և նրանց հնարավորություն կտրվի կարեիրա ստեղծել նաև գիտակրթական հիմնարկներում»,-նշել է ԵՊՀ ռեկտորը: 
Միջոցառմանը մասնակցել են նաև «Լույս» հիմանդրամի շրջանավարտները, ովքեր իրենց երախտագիտություն են հայտնել` ծրագրում ներգրավվելու համար:
Աշխարհի առաջատար բուհերի «Լույս» հիմնադրամի շրջանավարտները և փորձագետները ծրագրի շրջանակում կդասավանդեն հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում, որը կկազմի Հայաստանի պետական բուհերի ուսումնական պլանի մասը: Ծրագիրն առաջարկում է թեմատիկ քննարկումներ` հետևյալ խորագրով` «Սովորելու և սովորեցնելու հազար ու մի եղանակ»: Թեմատիկ քննարկումները կանցկացվեն յուրաքանչյուր 6-8 շաբաթը մեկ:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը