«Գործնական ուսուցումը՝ ճանապարհ դեպի զբաղվածություն» թեմայով սեմինար

Ս.թ. մարտի 27-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ «Գործնական ուսուցումը՝ ճանապարհ դեպի զբաղվածություն» թեմայով սեմինարը: Սեմինարի նպատակն էր գնահատել, թե ինչպես են ՄԿՈՒ հաստատությունների կարիերայի կենտրոններն աջակցում գործնական ուսուցման (արտադրական պրակտիկայի)  կազմակերպմանը, և որքանով է դա արդյունավետ շրջանավարտների զբաղվածության ապահովման տեսանկյունից:

Միջոցառումը կազմակերպվել էր Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի կողմից իրականացվող՝ ԵՄ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի հետ համատեղ: Սեմինարի կազմակերպման գործընկերներն էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը:

Սեմինար-հանդիպմանը ներկա էին պետական կառույցների մարմիններ` ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից, միջազգային փորձագետներ, ներկայացուցիչներ զբաղվածության կենտրոններից, Երևանի և հյուսիսային մարզերի ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ և կարիերայի պատասխանատուներ, գործատուներ: Միջոցառման նպատակները նախանշելուց հետո, մասնակիցները ներկայացրեցին ՄԿՈՒ մակարդակով գործնական ուսուցման եվրոպական արդի մոտեցումները, ՄԿՈՒ հաստատություններում  դրանց դերն ու նշանակությունը,  գործատուների տեսակետները  Հայաստանում գործնական ուսուցման վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվեցին իրականացված փորձերը Հայաստանում: Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը ներկայացրեց ՄԿՈՒ հաստատությունների կարիերայի կենտրոնների նպատակներն ու գործառույթները, կարիերայի ուղղորդման ծառայությունների զարգացումը:  Այնուհետև քննարկվեցին թե ինչպես կարելի է կապել ՄԿՈՒ հաստատությունների կարիերայի կենտրոնների գործունեությունը գործնական ուսուցման կազմակերպման հետ, որը հույժ կարևոր է շրջանավարտների՝ աշխատանքի տեղավորման հնարավորությունները բարելավելու տեսանկյունից:

Սեմինարի քննարկումներից հետո գործատուները, զբաղվածության կենտրոնների, արհմիությունների ներկայացուցիչները, քոլեջների խորհուրդների անդամները, տնօրեններն ու կարիերայի խորհրդատուները գործընկերության շրջանակներում կներկայացնեն առաջարկություններ կարիերայի ուղղորդման արդյունավետության և գործնական ուսուցման որակի բարձրացման ուղղությամբ:

Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ), որը Եվրամիության գործակալություն է, երկար տարիներ նորարարական ակտիվ ծրագրերով խթանել է Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի զարգացումը՝ համագործակցելով Հայաստանում ԵՄ պատվիրակության, պետական առանցքային կառույցների, սոցիալական գործընկեր-կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, ընկերությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ: Այս տարիների ընթացքում ԵԿՀ կողմից իրականացված գործողությունները վերաբերել են այնպիսի թեմաներին, ինչպիսիք են որակը, ուսուցանողների ուսուցումը, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության ճանաչումը, կարիերայի ուղղորդումը: Գործնական ուսուցման բաղադրիչը խթանելու նպատակով ԵԿՀ-ն որոշում է կայացրել  2014թ. շարունակել կարիերայի ուղղորդմանը վերաբերող ծրագիրը:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը