FAQ

1. Ի՞նչ է մասնագիտական կողմնորոշումը:

2. Ո՞րն է Հայաստանում մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրման անհրաժեշտությունը:

3. Ո՞րն է կենտրոնի առաքելությունն ու նպատակը:

4. Ո՞վ կարող է օգտվել Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի ծառայություններից:

5. Որո՞նք են Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի գործառույթները:

6. Ի՞նչ մեթոդներով է կենտրոնն իրականացնում իր գործառույթները:

7. Ինչպե՞ս է կարգավորվում մասնագիտական կողմնորոշման կենտրոնի գործունեությունը ՀՀ մարզերում:

8. Երիտասարդության շրջանում գործազրկության մեղմանն ուղղված ի՞նչ ծրագրեր են իրականացվել:

9. Պե՞տք է արդյոք վճարել ծառայություններից օգտվելու համար:



Հարց 1: Ի՞նչ է մասնագիտական կողմնորոշումը

Մասնագիտական կողմորոշման գլխավոր նպատակն է անհատին օժտել շարունակական ուսուցման և կարիերայի զարգացման այնպիսի կարողություններով, որոնք նրան հնարավորություն կտան ընտրելու ՀՀ աշխատաշուկայում մրցունակ մասնագիտություն և ձեռք բերելու աշխատանք գտնելու գրավական:

Մասնագիտական կողմնորոշման հիմքում ընկած են հետևյալ գործոնները`

1. Մասնագիտական ախտորոշում

  • դեռահասի, երիտասարդի անհատականության ուսումնասիրում, անձնային որակների ու դրանցից բխող մասնագիտական հակումների բացահայտում` թեստավորման, հարցազրույցի, դիտարկման մեթոդներով,

2. Տեղեկատվության տրամադրում

  • մասնագիտական ուսումնական հաստատություններ (արհեստագործական ուսումնարաններ, քոլեջներ, բուհեր, հետբուհական) ընդունվելու հնարավորությունների ու պայմանների մասին,
  • մասնագիտությունների ու զբաղմունքների մասին,
  • հանրապետության, նաև առանձին մարզերի աշխատաշուկայի վերլուծության մասին,
  • գործատուի կողմից աշխատողին ներկայացվող պահանջների մասին,
  • աշխատանք փնտրելու հնարավորությունների և եղանակների մասին,

3. Մասնագիտական խորհրդատվության տրամադրում

  • աշակերտի կամ երիտասարդի ունակություններին և հակումներին համապատասխան մասնագիտական հետաքրքրությունների ձևավորում,
  • մասնագիտությունների և զբաղմունքների բացահայտում` մասնագետների, փորձագետների հետ հանդիպումների միջոցով,

5. Մասնագիտական համակերպում

  • այցելություններ մասնագիտական ուսումնական հաստատություններ (արտադրական ուսուցմամբ հանրակրթական դպրոցներ, արհեստագործական ուսումնարաններ, քոլեջներ, բուհեր), ծանոթացում մասնագիտության ուսուցման գործընթացին,
  • այցելություններ արտադրական ձեռնարկություններ և հիմնարկներ, աշխատանքային պրակտիկայի կազմակերպում:

Հարց 2: Ո՞րն է Հայաստանում մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրման անհրաժեշտությունը

Միջազգային փորձի ուսումնասիրությունը հիմք է դարձել մասնագիտական կողմնորոշման համակարգի ընդլայման և տեղայնացման նաև ՀՀ-ում: Հանրապետությունում մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրումը պայմանավորված է աշխատաշուկայի և կրթական համակարգի անհամապատասխանության կարգավորման անհրաժեշտությամբ: Աշխատաշուկայի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունը կախված է մի քանի գործոններից, այդ թվում նաև` ընտրած մասնագիտության պահանջարկի բացակայությունից: Թերևս այս խնդիրների մեղմանն է ուղղված Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի գործունեությունը:

Հարց 3: Ո՞րն է կենտրոնի առաքելությունն ու նպատակը

Կենտրոնի առաքելությունն է`մասնագիտական կողմնորոշման միջոցով աջակցել դեռահասներին աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան մասնագիտություն ընտրելու հարցում և նպաստել աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացմանը:

Կենտրոնի հիմնական նպատակներն են`

  • 14-16 տարեկան անձանց ուսման հնարավորությունների և մասնագիտությունների ընտրության վերաբերյալ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում,
  • Երիտասարդների կարողությունների, ունակությունների, հակումների բացահայտում,
  • Երիտասարդներին մասնագիտական ուսումնական հաստատությունների, ուսուցում իրականացնող կազմակերպությունների, ուսուցման պայմանների մասին տեղեկատվության տրամադրում,
  • Աշխատաշուկայում թափուր աշխատատեղերի, գործատուների կողմից աշխատողներին ներկայացվող պահանջների, ինչպես նաև աշխատանք փնտրելու հնարավորությունների մասին տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում,
  • Աշխատանք փնտրող անձանց (այդ թվում` գործազուրկներին) մասնագիտական ուսուցման, որակավորման բարձրացման, վերամասնագիտացման դասընթացներին մասնակցելու ուղղորդում` համագործակցելով "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության հետ,
  • Աշխատանքային միջավայրին առավել հեշտ ինտեգրվելու նպատակով երիտասարդներին անհրաժեշտ կարողունակությունների ձևավորմանն աջակցում, նրանց մրցունակության բարձրացմանն ու արդյունավետ հաղորդակցությանն ուղղված դասընթացների մշակում և կազմակերպում,
  • Գործատու-աշխատող իրավահարաբերությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում:

Հարց 4: Ո՞վ կարող է օգտվել Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի ծառայություններից

Ծառայություններից կարող են օգտվել`

  • միջին և ավագ դպրոցի աշակերտները, 
  • որակավորում չունեցող երիտասարդները,
  • ուսանողները,
  • առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող երիտասարդները,
  • վերամասնագիտացման, նոր մասնագիտություն ձեռք բերելու կարիք ունեցող երիտասարդները,
  • աշխատանք փնտրող երիտասարդները,
  • գործազուրկ երիտասարդները,
  • ծնողները,
  • ուսուցիչները,
  • գործատուները:

Հարց 5: Որո՞նք են Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի գործառույթները

Կենտրոնում գործում են ծրագրային մի քանի ուղղություններ`

  • "Հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշում" ուսումնական ծրագիր (ապահովում է աշակերտի պատկերացումը մասնագիտության ճիշտ ընտրության կարևորության վերաբերյալ),
  • դասընթացներ (ապահովում է ՀՀ աշխատաշուկա մուտք գործելու համար անհրաժեշտ հմտություններ),
  • կարիերայի օրեր (աշակերտների համար կազմակերպվում և անցկացվում է տարբեր, հատկապես շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների վերաբերյալ հանդիպումներ),
  • և այլն:

Հարց 6: Ի՞նչ մեթոդներով է կենտրոնն իրականացնում իր գործառույթները 

Կենտրոնն իր գործառույթներն իրականացնում է մի քանի մեթոդներով, որոնք են`

Խմբային ծառայությունների իրականացում

ա. Դասընթացների անցկացում

  1. Մասնագիտություն ընտրելու հմտությունների ձևավորում,
  2. Աշխատաշուկա մուտք գործելու հմտությունների ձևավորում,
  3. Աջակցություն աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը,

բ. Հանդիպումերի կազմակերպում

  1. Գործատուների և գործարարների հետ,
  2. Տարբեր մասնագիտություններ ներկայացնող անձանց հետ,

գ. Մասնագիտական տեսանյութերի դիտում և քննարկում:

Անհատական ծառայությունների իրականացում և ինքնասպասարկում

  • Տեխնիկական միջոցներ` համակարգիչ, տպիչ, ֆաքս, հեռախոս,
  • Ինտերնետային կապ,
  • "Երիտասարդ" տեղեկատվական էլեկտրոնային համակարգ, որը պարունակում է տեղեկություն կրթության և ուսուցման հնարավորությունների, մասնագիտությունների, գործատուների, թափուր աշխատատեղերի մասին,
  • Ռեսուրս-կենտրոն (գրադարան և տեսասրահ):

Հարց 7: Ինչպե՞ս է կարգավորվում մասնագիտական կողմնորոշման կենտրոնի գործունեությունը ՀՀ մարզերում

Կենտրոնը գտնվում է Երևանում, բայց գործունեություն ծավալում է նաև հանրապետության բոլոր մարզերում: Մարզային աշխատանքների իրականացումն ապահովվում է մարզերում առկա շահագրգիռ կառույցների ներգրավմամբ, որի հիմքում հիմնականում ընկած է համագործակցությունը "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության մարզային և տարածքային կենտրոնների ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնների հետ: Պետք է նշել նաև, որ "Կայուն զարգացման ծրագրով" նախատեսվում է յուրաքանչյուր տարի մեկական ներկայացչություն բացել մարզերում:

Հարց 8: Երիտասարդության շրջանում գործազրկության մեղմանն ուղղված ի՞նչ ծրագրեր են իրականացվել

  • Դասընթացների կազմակերպում և իրականացում (երիտասարդները հնարավորություն են ունենում ստանալ աշխատաշուկա մուտք գործելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորմանն աջակցող հմտություններ և տեղեկատվություն անհրաժեշտ խնդիրների  վերաբերյալ),
  • Հանրապետության մարզերում մարզային գործընկերների և մարզի կամավորների հետ կլոր սեղանի անցկացում (մասնակիցները հնարավորություն են ունենում խնդիրների պարզաբանման և վերհանման միջոցով դրանց լուծման կամ մեղմման ուղիներ որոնել),
  • Հանդիպումներ, քննարկումներ տարբեր ոլորտի ներկայացուցիչների, աշակերտների և  ուսանողների մասնակցությամբ (ապահովում է ոլորտի ներկայացման ընթացքը):

Հարց 9: Պե՞տք է արդյոք վճարել ծառայություններից օգտվելու համար 

Ոչ: Կենտրոնի ծառայություններն անվճար են:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը