Նպատակ և գործառույթներ

Կենտրոնի գործունեության հիմնական նպատակներն են` մասնագիտական կողմնորոշման համակարգի մեթոդաբանության ապահովումը, մասնագիտական կողմնորոշման համակարգի կադրերի վերապատրաստումը և որակավորման բարձրացումը:

Կենտրոնն իրականացնում է հետևյալ գործառույթները.

 

1) մշակում է հանրակրթության համակարգում սովորողների` տարիքային առանձնահատկություններով տարբերակված մասնագիտական կողմնորոշման մեթոդաբանությունը,

2) մշակում է մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողների մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության իրականացման մեթոդաբանությունը,

3) նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ներդնելու նպատակով մշակում է անձի ինքնագնահատման, կարիերայի պլանավորման, ձեռներեցությամբ սեփական զբաղվածությունն ապահովելու և աշխատաշուկա մուտք գործելու համար հիմնական կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրեր,

4) մշակում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում կրթության համակարգից դուրս մասնագիտության, աշխատանքի և զբաղմունքի հարցերում հստակ կողմնորոշում չունեցող, վերամասնագիտացման ու վերաորակավորման, աշխատաշուկայի արագ փոփոխվող պայմաններին հարմարվելու կարիք ունեցող անձանց մասնագիտական կողմնորոշման մեթոդաբանությունը,

5) աջակցում է մասնագիտական ուսումնական հաստատություններում կարիերայի կենտրոնների գործունեությանը,

6) կազմում է մասնագիտական կողմնորոշման համակարգի կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման ուսումնական պլաններ և ծրագրեր,

7) իրականացնում է մասնագիտական կողմնորոշման համակարգի կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ,

8) իրականացնում է մասնագիտական կողմնորոշման համակարգում ընդգրկված մասնագետների մասնագիտական ու մեթոդական աջակցություն և խորհրդատվություն,

9) աջակցում է մեծահասակների կարիերայի կողմնորոշման հիմնախնդիրների լուծմանը,

10) խթանում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար երիտասարդների գիտելիքների և կարողությունների զարգացումը,

11) անցկացնում է ուսումնաարտադրական պրակտիկա` մասնագիտական կողմնորոշման ծառայությունների մատուցման գծով,

12) իրականացնում է հետազոտություններ և ուսումնասիրություններ աշխատաշուկայի, զբաղմունքների, մասնագիտությունների և դրանց որակավորումների համապատասխանության մասին,

13) կազմակերպում է մարզային, հանրապետական, միջազգային սեմինարներ և գիտաժողովներ, ցուցահանդեսներ, տոնավաճառներ,

14) պատրաստում է ուսումնամեթոդական ձեռնարկներ,

15) իրականացնում է հանրային իրազեկման աշխատանքներ,

16) համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատությունների, սոցիալական գործընկերների, հասարակական և այլ կազմակերպությունների, նաև զանգվածային լրատվամիջոցների հետ,

17) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կողմնորոշման քաղաքականության, ռազմավարության, իրականացման ձևերի ու մեթոդների բարելավման ուղղությամբ:

 Կենտրոնն իր խնդիրների և գործառույթների իրականացման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմից, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմից, «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ից, «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ից և համապատասխան այլ կառույցներից ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն:

 Կենտրոնն իր կանոնադրական խնդիրների իրականացման համար կարող է հրավիրել մասնագետներ, փորձագետներ:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը