Ծածկանուն
Ծածկագիր
 
 

Կայքի նախագծումը և զարգացումը իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ GmbH) "Համայնքային և տնտեսական զարգացում Հայաստանում" ծրագրի տեխնիկական աջակցությամբ:

 Խորհրդատվություն 

Կողմնորոշում

«Ի՞նչ մասնագիտություն ընտրել» հարցրադրումն անխուսափելի է, որի պատասխանը փնտրում է յուրաքանչյուր մարդ իր տարիքային կամ սոցիալական զարգացման ինչ-որ մի փուլում: Հարցի լուծումը շատ կարևոր է ոչ միայն իր` անձի, այլև, ընդհանուր առմամբ, հասարակության համար:

Մասնագիտական կողմնորոշումը ենթադրում է մանկավարժության և հոգեբանության շրջանակներից դուրս, առավել ընդգրկուն համալիր աշխատանքներ` ուղղված մասնագիտության ընտրությանը: Պլատոնը դեռ իր դարաշրջանում գրել է. «Ամեն առանձին անհատ պետք է զբաղվի այնպիսի մի բանով, ինչը պետք է պետությանը, և միևնույն ժամանակ նրանով, ինչին նա իր ամբողջ էությամբ ամենաշատն է համապատասխանում»: Այսպիսով` մոտ 2,5 հազարամյակ առաջ Պլատոնը նախանշել է այն, որ աշխատանքի և հասարակության զարգացման գործում անխուսափելի է անհատի գործունեության դերերի տարանջատումը: 

Հիմնական հասկացությունների սահմանումները

Մասնագիտական կողմնորոշումը գործառույթ է, որի նպատակն է անձին տրամադրել համակարգված տեղեկատվություն աշխատաշուկայի առկա իրավիճակի և զարգացման միտումների, կրթական համակարգի ընձեռած հնարավորությունների, մասնագիտությունների, անձնային որակների և հակումների վերաբերյալ` նրան հնարավորություն ընձեռելով կայացնել գիտակցված և արդյունավետ որոշում:

Կարիերան կյանքի ընթացքում մարդու ստանձնած աշխատանքային դերերի հաջորդականությունն ու բազմազանությունն է: Առավել լայն իմաստով այն ընդգրկում է կյանքի դերերը, ազատ ժամանցի գործունեությունը, ուսումնառությունը և աշխատանքը:

Կարիերայի ուղղորդումը համակարգված գործառույթ է, որի նպատակն է ուղղորդման սուբյեկտին օգնել շարունակական ինքնազարգացման և ինքնակատարելագործման միջոցով բարձրացնել մրցունակությունը աշխատաշուկայում և ունենալ համակարգված շարունակական առաջընթաց ողջ աշխատանքային գործունեության ընթացքում:

Մասնագիտական ինքնորոշման էությունը կայանում է ընտրված մասնագիտության, զբաղմունքի, աշխատանքի շրջանակներում անձնական հետաքրքրության և իմաստի, փնտրման և այն գտնելու մեջ:

Մասնագիտական ինքնագիտակցությունը մարդու ինքնագիտակցությունն է, որի համար որոշակի աշխատանքային գործունեությունը հանդիսանում է միջոց` որպես կայացած անձ սեփական արժանապատվությունը հաստատելու համար:

Մասնագիտությունը (լատիներեն professio, նշանակում է` «հայտարարում եմ իմ գործը») մարդու աշխատանքային գործունեության տեսակ է, որը պահանջում է որոշակի պատրաստվածություն և հանդիսանում է մարդու գոյատևման աղբյուր: Մասնագիտությունները տարանջատվում են կատարվող աշխատանքների բնույթով և պարունակությամբ, ինչպես նաև` աշխատանքային գործիքների կիրառմամբ:

Մասնագիտացումը (լատիներեն specialis, նշանակում է` «հատուկ, յուրահատուկ») հատուկ պատրաստվածության և աշխատանքային փորձի վրա հիմնված գիտելիքների, կարողությունների և հմտությունների համակարգ է, որն անհրաժեշտ է կոնկրետ գործունեության տեսակի համար այս կամ այն մասնագիտության շրջանակներում: Այսպիսով` մասնագիտացումը աշխատանքային գործունեության տարանջատումն է մասնագիտության շրջանակներում:

Զբաղմունքը աշխատանք է, որով անձն զբաղվում է տվյալ պահին, և որը նրա համար հանդիսանում է եկամուտի հիմնական աղբյուր: Ի դեպ, զբաղմունքը կարող է համընկնել մասնագիտության հետ:

 Մասնագիտական կողմնորոշման ծառայությունների շրջանակը

Մասնագիտական կողմնորոշման իրականացման սկզբունքները պայմանավորված են անձի կարիքներով: Այդ կարիքներից է բխում մասնագիտական կողմնորոշման իրականացման կոնկրետ մեթոդի կիրառումը: Նշենք, որ ամեն մեթոդ ունի աշխատանքի իր սկզբունքները: Ստորև ներկայացվում են հիմնական մեթոդները. 

  1. Մասնագիտական իրազեկում. այն ներառում է մասնագիտությունների և զբաղմունքների աշխարհի, աշխատաշուկայի, կրթություն և ուսուցում ստանալու հնարավորությունների և պայմանների մասին տեղեկատվության տարածումը:
  2. Մասնագիտական հետազոտումը մասնագիտական կողմնորոշման ծառայություններ մատուցելու նպատակով անձի ուսումնասիրումն է: Այս գործընթացում հետազոտվում են անձի բնավորության առանձնահատկությունները, կարիքները, արժեքային կողմնորոշիչները, հետաքրքրությունները, ընդունակությունները, մասնագիտական նախնական ուղղորդվածությունը:
  3. Մասնագիտական խորհրդատվությունը նպատակ ունի բացահայտել անձի անհատական առանձնահատկությունների և այս կամ այն զբաղմունքի/մասնագիտության պահանջների համապատասխանությունը: Խորհրդատվությունը կարող է անցկացվել խմբային կամ անհատական ձևով` եթե նախապատրաստական կամ հիմնական փուլերն են, սակայն ավարտական փուլում այն պետք է լինի անհատական զրույցի ձևով, հնարավոր է` ծնող(ներ)ի մասնակցությամբ: Մասնագիտական խորհրդատվությունը կարող է ունենալ տեղեկատվական և հոգեբանամանկավարժական բնույթ: Արդյունքում դպրոցականը պետք է սպառիչ պատասխաններ ստանա իրեն հետաքրքրող մասնագիտության, այդ մասնագիտությամբ կրթություն և ուսուցում ստանալու հնարավորությունների վերաբերյալ: Որպես այս մեթոդի արդյունավետության ապահովում` կարիք կլինի աշխատանքը շարունակել այլ մեթոդներով` այցելություններ տարբեր աշխատատեղեր, հանդիպումներ տարբեր մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների և դասախոսների հետ, մասնակցություն մասնագիտական կողմնորոշման նպատակով կազմակերպած միջոցառումների, հանդիպումների և այլն: Այս փուլում, արդեն ընդհանրացնելով մասնագիտական նախնական ախտորոշման և տեղեկատվության արդյունքների հիման վրա ստեղծված պատկերացումները, ամեն մի կոնկրետ անձի պետք է տրվի մասնագիտական խորհրդատվական եզրակացություն:
  4. Մասնագիտական ընտրություն մեթոդի նպատակն է բացահայտել մարդու հարմարվողականությունը կոնկրետ աշխատանքին, զբաղմունքին: Այս աշխատանքները, որպես կանոն, իրականացվում են դպրոցից դուրս` հատուկ լաբորատորիաներում կամ գործատուի մոտ` ձեռնարկություններում, որտեղ, ըստ մասնագիտությունների, ստեղծված են հատուկ հարմարություններ:
  5. Պետք է տարբերակել մասնագիտության ընտրությունը մասնագիտությունների ընտրությունից: Թվում է, թե նույնական են, սակայն մեթոդիկայով դրանք իրարից շատ են տարբերվում. մասնագիտության ընտրության դեպքում ընտրում են տվյալ մասնագիտությանն առավել համապատասխանող անձին, իսկ մասնագիտությունների ընտրության ժամանակ խոսքը գնում է անհատի անձնային առանձնահատկություններին համապատասխան մասնագիտության ընտրության մասին, այսինքն` մեթոդը ենթադրում է անձից անցում դեպի մասնագիտությանը:
  6. Սոցիալ-մասնագիտական հարմարեցման փուլում ակտիվ գործընթացների միջոցով իրականացվում է երիտասարդի հարմարեցում նոր սոցիալական միջավայրին, աշխատանքի պայմաններին և կոնկրետ մասնագիտությանը: Մասնագիտական հարմարեցման փուլի հաջողությունը մասնագիտության ճիշտ ընտրության, մասնագիտական կողմնորոշման աշխատանքների արդյունավետության գնահատման գլխավոր չափանիշներից մեկն է:
  7. Մասնագիտական դաստիարակության նպատակն է մարդկանց մոտ ձևավորել պատասխանատվության, պարտավորվածության զգացում, ինքնուրույն որոշում կայացնելու, ընտրություն անելու կարողություններ: