Սարգիս Պիծակը հայ հանճարեղ մանրանկարիչ է:

Սարգիս Պիծակը հայ հանճարեղ մանրանկարիչ է: Նա ապրել է 14-րդ դարում Կիլիկյան Հայաստանում: Դեռ մանկուց նա մարդկանց զարմացնում էր նկարելու իր ձիրքով: Մի անգամ տանը շատ հյուրեր կային: Սարգիսը նկատում է պատուհանագոգին նստած մի պիծակ և արագ նկարում, հետո նկարը մեկնում է հյուրերին: Ու քանի որ այդ պահին մաքուր թուղթ չի գտնում, նկարում է նկարի վրա: Գինովցած հյուրերը կարծում են, թե նկարի վրա  պիծակ է նստել և փորձում են ձեռքով քշել-հեռացնել միջատը: Սթափվելով` հասկանում են կատարվածը ու ծիծաղում: Նրա մականունը դառնում է «Պիծակ»:

 Բայց իզուր չէ, որ նրան կնքել էին այդ անունով: Նա պիծակի պես խայթել գիտեր այս աշխարհի զորեղներին և անարդարներին:

 Մի անգամ հարուստ մի իշխան գալիս է Սարգսի մոտ և ասում.

 -Ես ուզում եմ գնել քո բոլոր նկարները: Ես պատրաստ եմ քո ամեն նկարի դիմաց մի ընտիր նժույգ տալ: Իմ նժույգներով մի հզոր հեծելախումբ կկազմես:

 Սարգիս Պիծակը քմծիծաղ է տալիս և պատասխանում.

 - Ցավում եմ, բայց իմ նկարները նժույգներով փոխանակել չեմ կարող:

 - Ինչու՞,- խոժոռվում է իշխանը:

 - Որովհետև մի քանի տասնամյակ հետո քո նժույգներն այևս չեն խրխնջա, իսկ իմ նկարների գույները չեն խամրի նույնիսկ հազար տարի հետո:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը